ABCMEDIA
Հայաստանում կատարվող քայլերը Ադրբեջանն է թելադրում․ ադրբեջանագետ

Հայաստանում կատարվող քայլերը Ադրբեջանն է թելադրում․ ադրբեջանագետ

Ադրբեջանին չհարձակման մասին պայմանագիր ստորագրելու առաջարկը Փաշինյանը պետք է աներ դեռ մի քանի տարի առաջ, երբ Ադրբեջանը անդադար զինվում էր։ ABC media-ի հետ զրույցում ասել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Երբ Հայաստանը սպառազինություն էր ձեռք բերում, Ադրբեջանը սկանդալ էր բարձրացնում, դրան զուգահեռ ինքը անդադար զինվում։ Այդ ժամանակ Փաշինյանը պետք է խոսեր ռազմական դիզբալանսի, Ադրբեջանի՝ ոչ թե խաղաղության, այլ պատերազմի նախապատրաստության, այդ հարցում իր մղած քարոզչության մասին, ինչպես նաև ամբողջ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» անվանելուց։ Թե ինչու իշխանությունը, այս ամենը տեսնելով, աչք է փակել, խաբել սեփական հանրությանն ու կեղծ քարոզչություն տարածել՝ ասելով շուտով ինչ-որ պայմանագիր կստորագրվի, չեմ կարող ասել»,- ասել է Հայրապետյանը։

Հայաստանում կատարվող քայլերը Ադրբեջանն է թելադրում, ինչպես օրինակ՝ Սահմանադրության փոփոխությունը՝ ասում է ադրբեջանագետը։ Այժմ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե իբր ինքը տարբեր հարցեր է օրակարգ բերում, սակայն Ադրբեջանը մերժում է այն։ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ Փաշինյանը անգամ չի կարողացել Հայաստանի սուվերեն տարածքից դուրս հանել ադրբեջանական զորքերը, հիմա ինչպե՞ս է խոսում չհարձակման մասին պայմանագրից։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 28-ին՝ հայկական բանակի 32-ամյակի ելույթի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ադրբեջանին առաջարկել է խաղաղաության պայմանագրի ստորագրման գործընթացը երկարելու դեպքում չհարձակման պայմանագիր ստորագրել։