26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը ժամանակ է ձգում, իսկ Հայաստանը մեկը մյուսից աբսուրդ առաջարկներ անում․ Ձյունիկ Աղաջանյանը՝ չհարձակվելու պայմանագրի առաջարկի մասին

Ադրբեջանը ժամանակ է ձգում, իսկ Հայաստանը մեկը մյուսից աբսուրդ առաջարկներ անում․ Ձյունիկ Աղաջանյանը՝ չհարձակվելու պայմանագրի առաջարկի մասին

Խաղության օրակարգը տապալելուց հետո Հայաստանի կառավարությունը փորձում է այլընտրանքային ելքեր գտնել գոնե դադարի վիճակը երկարաձգելու ու տապալումը կոծկելու համար։ Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի խոսքով՝ հիմա ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ տապալված բանակցություններից յուրաքանչյուրը փորձում է իր օգուտը քաղել։

«Ադրբեջանն ամեն կերպ ժամանակ է ձգում, որպեսզի պարզաջրվի աշխարհաքաղաքական իրավիճակը, իսկ Հայաստանը հուսահատորեն քայլեր է ձեռնարկում, որպեսզի դիրքավորվի որպես կառուցողական կողմ ու մեկը մյուսից աբսուրդ առաջարկներ է անում, որոնց բնականաբար Ադրբեջանը չի համաձայնելու։ Դա անում է, որպեսզի ցույց տա, որ բանակացություններն ինքը չի մտցնում փակուղի», ABC media-ի հետ զրույցում ասաց Ձյունիկ Աղաջանյանը։

Բանակի տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ Փաշինյանն իր ելույթի խոսքում ասաց, որ Ադրբեջանին առաջարկում են սահմանների ապառազմականացում, զորքերի հայելային հետքաշում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ չհարձակման մասին պայմանագրի ստորագրում։ Այստեղ կարելի է հիշել 1939֊ին կնքված խորհրդագերմանական պայմանագիրը չհարձակման մասին՝ Մոլոտով – Ռիբենտրոպի պակտը։ Սակայն անգամ սա երաշխիք չհանդիսացավ ու Գերմանիան, ի վերջո, հարձակվեց։

Փաշինյանի այս առաջարկին հաջորդեց Ադրբեջանի պատասխանը՝ փորձագետների մակարդակով․ նշեցին, որ դրանք անիրագործելի են։

Ձյունիկ Աղաջանյանի կանխատեսմամբ՝ ամեն ինչ խոսում է այն մասին, որ պետք է պատրաստվել հերթական ռազմական էսկալացիայի, քանի որ ստեղծվել է այնպիսի աշխարհաքաղաքական իրավիճակ, երբ բոլորին ձեռնտու է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա։ Մնում է միայն հասկանալ, թե ուժերն ինչպես կդասավորվեն ու ով ինչ օգուտ կփորձի քաղել մեր պետականության հաշվին։