30 Նոյ
2024
1.6° c ԵՐԵՎԱՆ
-3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել

Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է հանրապետության կառավարության հրաժարականը՝ վարչապետ Ալիխան Սմաիլովի գլխավորությամբ. այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը։

«Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածին համապատասխան, ես որոշում եմ ընդունել Ղազախստանի Հանրապետության կառավարության հրաժարականը, Ղազախստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները ժամանակավորապես հանձնարարել Ռոման Վասիլիի Սկլյարին», – ասվում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ նախարարների կաբինետի անդամներին հանձնարարվել է շարունակել իրենց պարտականությունների կատարումը մինչև կառավարության նոր կազմի հաստատումը։

Սկլյարն ավելի վաղ զբաղեցրել է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախքան փետրվարի 5-ին հրապարակված հրամանագիրը Ղազախստանի կառավարությունը գլխավորում էր Սմաիլովը։ Նախագահը նրան նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնում նշանակել էր 2022 թ. հունվարին և վերանշանակել 2023 թ. մարտին՝ խորհրդարանի ստորին պալատի ընտրություններից հետո։

Ավելի վաղ Տոկաևի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ նախագահը փետրվարի 7-ին կանցկացնի կառավարության ընդլայնված նիստ, որտեղ կամփոփվեն անցած մեկ տարվա ընթացքում հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքները։ Դրա հետ միասին տեղի առանձին փորձագետներ չէին բացառում, որ պետության ղեկավարը կարող է կադրային վերադասավորումներ կատարել նախարարների կաբինետում` ընդհուպ մինչև վարչապետին փոխելը։