26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանցի մարդասպանի մասով ՌԴ-ից հարցում ստացել ու նույն օրը պատասխանել ենք. ՆԳ նախարար

Ադրբեջանցի մարդասպանի մասով ՌԴ-ից հարցում ստացել ու նույն օրը պատասխանել ենք. ՆԳ նախարար

Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի դեռ մենք մեր գործառույթները լրիվ իրավաչափ իրականացրել ենք. հարցում են արել, պատասխանել ենք եւ չենք ուշացրել․ այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում փաստը, որ հայ քաղաքացու սպանության մեջ մեղադրվող եւ միջազգային հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն մի քանի ժամվա ընթացքում փոխանցել է Բաքվին:

«Դա ընթացակարգ է, որից մենք չենք շեղվել: Եթե իրենք հանցագործին բռնում են, մեզ հարցում են անում, մենք էլ պատասխանում ենք, թե իրականում նա մեր կողմից հետախուզվում է, թե ոչ: Բոլոր անձնաց վերաբերյալ, որոնց նկատմամբ հայտարարված է հմիջազգային հետախուզում, պարտավոր ենք այդ հարցմանը պատասխանել: Նույնն էլ իրենք: Մենք նույն օրը ստացել ենք, անմիջապես էլ պատասխանել ենք»,-ասել է նա՝ չկարողանալով պատասխանել հարցին, թե այն պահին, երբ իրենք պատասխան էին ուղարկում ՌԴ, ադրբեջանցին արդեն ազա՞տ էր արձակվել, թե ոչ:

«Մենք նմանատիպ հետախուզվողներ էլի ունենք, որ բռնել են, բաց են թողել, երեւի դուք էլ եք տեղյակ: Դե դա ռուսական կողմը պետք է պատասխանի»,-ասել է ՆԳ նախարարը:

Նա նշել է, որ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի մասով ՌԴ-ից հարցում չեն ստացել:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Ադրբեջանի քաղաքացի, Քամիլ Զեյնալլին ձեռրբակալվել էր Ռուսաստանում, ապա ազատ արձակվել և մեկնել Բաքու։

Ավելի վաղ Զեյնալլին տեսանյութ էր հրապարակել սոցցանցերում և հայտնել, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում իրեն ձերբակալել և տարել են ոստիկանության բաժանմունք։ Նա նաև նշել էր` ՌԴ իրավապահներն իրեն հայտնել են, որ Հայաստանն է իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել ու վաղն էլ ռուսական դատարանի առջև է կանգնելու և կարող է Հայաստանին փոխանցվել։ Ավելի ուշ ՀՀ ՆԳՆ-ն հայտարարեց, որ Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցու նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում: