27 Հլս
2024
19.9° c ԵՐԵՎԱՆ
14.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պաղեստինի կառավարությունը վարչապետի գլխավորությամբ հրաժարական է տվել

Պաղեստինի կառավարությունը վարչապետի գլխավորությամբ հրաժարական է տվել

Պաղեստինի կառավարությունը՝ վարչապետ Մոհամմեդ Շտայեհի գլխավորությամբ, որը գործում էր  2019 թվականից, հրաժարական է տվել։ Կառավարության անդամները շարունակելու են իրականացնել իրենց լիազորությունները մինչև նոր կառավարության ձևավորումը։

 

Հրաժարականի դիմում ներկայացնելով Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին՝ Շտայեհն ասել է, որ իր երկիրը կշարունակի «դիմակայել Իսրայելին այնքան ժամանակ, քանի դեռ չի ստեղծվել Պաղեստին պետությունը»:

Նա ընդգծել է, որ անկախ Պաղեստինի ստեղծման համար պայքարի հաջորդ փուլը պահանջում է գործող քաղաքական ինստիտուտների, ինչպես նաև կառավարման մարմինների վերակազմավորում ամբողջ Պաղեստինի տարածքում, ներառյալ՝ Գազան: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ պաղեստինյան իշխանությունները մտադիր են վերականգնել ՀԱՄԱՍ-ի անդամակցությունը Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը (ՊԱԿ), սակայն մինչ այդ, շարժումը պետք է հրաժարվի բռնությունից և ճանաչի Իսրայելը: Կազմակերպությունն ընկալվում է որպես ապագա ուժ, որը կմիավորի պաղեստինյան բոլոր խմբակցությունները, ներառյալ խոշորագույնները՝ ՖԱԹՀ-ն ու  ՀԱՄԱՍ-ը:

Sky News-ի աղբյուրները նշել են, որ Պաղեստինի նոր կառավարությունը լինելու է տեխնոկրատ կառավարություն և ոչ թե քաղաքական։ Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ նախագահ Աբասի առաջարկով, վարչապետ կդառնա Պաղեստինի ներդրումային հիմնադրամի ղեկավար Մուհամմեդ Մուստաֆան: