23 Հնս
2024
ABCMEDIA
Մեր նպատակը Ադրբեջանի ԶՈւ-ն ՆԱՏՕ-ի չափանիշներին հարմարեցնելն է․ Ստոլտենբերգ

Մեր նպատակը Ադրբեջանի ԶՈւ-ն ՆԱՏՕ-ի չափանիշներին հարմարեցնելն է․ Ստոլտենբերգ

Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն աշխատում են համագործակցության մասին նոր շրջանակային փաստաթղթի շուրջ համաձայնեցնելու ուղղությամբ, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

 

«Մենք աշխատում ենք ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության նոր շրջանակային փաստաթուղթ համաձայնեցնելու ուղղությամբ: Այս փաստաթուղթը հիմնված կլինի փոխգործակցության հարցերի վրա, և այստեղ հիմնական նպատակը համատեղ աշխատանքն է՝ Ադրբեջանի Զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին ադապտացնելու ուղղությամբ»,- ասել է Ստոլտենբերգն ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությանը տված հարցազրույցում։

 

Նա հավելել է, որ Ադրբեջանը և ՆԱՏՕ-ն մեծ նշանակություն են տալիս ռազմական կրթության հետ կապված հարցերին, ինչը կնպաստի կողմերի միջև փոխադարձ գործունեության զարգացմանը։

«Միևնույն ժամանակ մենք դիտարկում ենք այլ ոլորտներ, որտեղ կարող ենք զարգացնել մեր համագործակցությունն ապագայում: Այս ամենը կմերձեցնի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի ուժերը, և ես կարծում եմ, որ դա ձեռնտու կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը:

Ստոլտենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ն ընդհանուր առմամբ շահագրգռված է ապագայում Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության զարգացմամբ։

«Մենք ունենք մի քանի կարևոր գործընկերներ Կովկասում, ուստի այս տարածաշրջանը շատ կարևոր է ՆԱՏՕ-ի համար։ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը շահագրգռված են Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ։ Իհարկե, Վրաստանն այս հարցում այլ դիրքում է։ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել, ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել է, որ դա տեղի կունենա»,- ընդգծել է նա։