27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանի ավագանու «Հանրային ձայնի» անդամներից մեկի լիազորությունները դադարեցվել են

Երևանի ավագանու «Հանրային ձայնի» անդամներից մեկի լիազորությունները դադարեցվել են

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանի լիազորությունները վաղաժամ դադարել են. այս մասին  հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

«ԿԸՀ–ն մարտի 19-ին նիստ է գումարել, օրակարգում եղել է Երևանի քաղաքապետի՝ մարտի 15-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունը, որի համաձայն` Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանի լիազորությունները վաղաժամ դադարել են»,– ասված է հաղորդագրությունում։

Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Հանրային ձայն» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Գրիգոր Անդրանիկի Հարությունյանը։

Նշենք, որ Ամալյա Սարգսյանը մանդատը վայր դնելու մասին հայտնել էր դեռ փետրվարի 12-ին` ընդգծելով, որ իր որոշումը քաղաքական չէ։ ԶԼՄ–ներից մեկին տված հարցազրույցում նա ասել էր, որ իր հարազատներից մեկի մահից հետո որոշել է հանգստանալ և ուժերը վերականգնել։ Սարգսյանը նշել էր, որ իր ընդդիմադիր գործունեությունը կշարունակի լրագրողի և հանրային գործչի կարգավիճակում։