02 Նոյ
2024
7.4° c ԵՐԵՎԱՆ
4.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էլեկտրոնային դեղատոմսերի կիրառումը կրճատում է ծախսերը. նախարար

Էլեկտրոնային դեղատոմսերի կիրառումը կրճատում է ծախսերը. նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է մարտի 1-ից կիրառվող էլեկտրոնային դեղատոմսերին:

Դիտարկմանը, որ դրանից բազմաթիվ բողոքներ են եղել, ե՞րբ դրանք լուծում կստանան, Ավանեսյանն ուղղել է լրագրողներին, ասել՝ ոչ թե բողոքներ, այլ հարցեր են եղել:

«Այդ հարցերի տեղատարափը բավականին նվազել է ու վերջին շաբաթվա ընթացքում  իրավիճակը մեղմվել է։ Պետք է մեզ ու մարդկանց ժամանակ տալ՝ համակարգին սովորելու համար, որովհետև այն ինչ հիմա տեղի է ունենում, շատ նորմալ է»,- նշել է Ավանեսյանը։

Էլեկտրոնային դեղատոմսերը դեղերի գնի բարձրացման խնդիր չեն ստեղծի՝ վստահեցնում է նա։

«Էլեկտրոնային դեղատոմս դուրս գրելու համար դեղատունը որևէ ծախս չի իրականացնում։ Հակառակը՝ այն 8 դրամը, որ օգտագործվում էր թուղթ տպելու համար, այսօր դա էլ չի ծախսվելու։ Այսինքն՝ մենք ունենք ծախսերի կրճատում, ոչ թե ավելացում»,-ասել է նա։

Հարցին՝ հնարավոր ռիսկերը չափվե՞լ են, և կա՞ն լուծումներ այն դեպքերին, երբ մարդիկ դեղատներում ծանոթ աշխատակիցներ ունենան ու նրանց առանց էլեկտրոնային դեղատոմսի դեղ տան։ Ավանեսյանն այդ քայլը իրավախախտում է որակում։

«Դա նույնն է, որ օրինակ՝ ես իմ հարևանին խնդրեմ՝ ինձ սրտի վիրահատություն անի։ Ինչպե՞ս կարելի է անել այդպես»,- նշում է Ավանեսյանը։