ABCMEDIA
ԿԳՄՍՆ քննարկում է Անի Եղիազարյանի՝ տնօրենի պաշտոնից ազատումն անվավեր ճանաչելու դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորությունը

ԿԳՄՍՆ քննարկում է Անի Եղիազարյանի՝ տնօրենի պաշտոնից ազատումն անվավեր ճանաչելու դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորությունը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկում է Անի Եղիազարյանի՝ Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնից ազատումն անվավեր ճանաչելու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2024 թվականի մարտի 29-ին կայացրած դատական ակտի բողոքարկման հարցը: Տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Արմենպրեսս» լրատվականին։

Հիշեցնենք՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը լուծարել էր Անի Եղիազարյանի աշխատանքային պայմանագիրը՝ առանց  թույլտվության արտերկիր գործուղման մեկնելու համար։

Եղիազարյանը, համամիտ չլինելով նախարարության կայացրած որոշման հետ, այն վիճարկել էր դատարանում:

Օրեր առաջ Անի Եղիազարյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հրապարակել էր ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վճիռը, որում արդարացվում էր Եղիազարյանը։

2024 թվականի հունվարին թանգարանի տնօրենի պարտականությունները վստահվել են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանին:

Նշենք, որ թանգարանում այս պահին շինարարական աշխատանքներ են իրականացվում ու թանգարանը Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանում է գործում։