26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին կոչ է արել պահպանել դինամիկան իր հայ գործընկերոջ հետ՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար

ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին կոչ է արել պահպանել դինամիկան իր հայ գործընկերոջ հետ՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի փոխանցմամբ՝ Բլինքենը բարձր է գնահատել Ալիևի անցած շաբաթվա հայտարարությունը, ըստ որի՝ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են ընդունել 1991 թ. Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք և ընդգծել է դրա կարևորությունը երկու կողմերի համար՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհին: ԱՄՆ պետքարտուղարն Ադրբեջանի նախագահին կոչ է արել պահպանել դինամիկան իր հայ գործընկերոջ հետ, վերահաստատել ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու այդ ջանքերին։ Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստաստակամությունը՝ խորացնելու Ադրբեջանի հետ հարաբերությունները էներգետիկ, կլիմայի և հաղորդակցությունների ոլորտներում։ Բլինքենը կրկին կոչ է արել Ադրբեջանին պահպանել մարդու իրավունքների միջազգային պարտավորությունները և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին։

Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով ընդգծել է, որ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, և ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար: Զրուցակիցներն ընդգծել են 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կարևորությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի համատեքստում: