ABCMEDIA
18։30-ին կհանդիպենք Հանրապետության հրապարակում․ Բագրատ Սրբազանը ամփոփել է մինչև հիմա տեղի ունեցածը

18։30-ին կհանդիպենք Հանրապետության հրապարակում․ Բագրատ Սրբազանը ամփոփել է մինչև հիմա տեղի ունեցածը

Մեր հիմնական հաղթաթուղթը համբերությունն է լինելու։ Առավոտյան Հանրապետության հրապարակից մեկնարկած երթը հրապարակ է վերադարձել ու ամփոփել օրը` մինչև 13։30-ն ընկած ժամանակահատվածը։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մասնակիցներին տեղեկացրել է, որ այսօր նրանց հետ կհանդիպի ժամը 18։30-ին` Հանրապետության հրապարակում։ Նա նշել է, որ ուսանողների հետ շատ կարևոր գործ ունի անելու:

«Շնորհակալ եմ ուսանողներին, որ արձագանքեցին ու դասադուլ արեցին։ Վստահ եմ, որ երկուշաբթից ավելի շատ ուսանողներ են լինելու։ Չենք ձանձրանալու, չենք հոգնելու, չենք տրտնջալու, հակառակը իրար քաջալերելու ենք, օգնելու, այլ քայլ առ քայլ առաջ դեպի նպատակ ենք գնալու»,- բեմահարթակից ասել է Բագրատ Սրբազանը։

Նա հայտարարել է, որ այսօրվա երթի արդյունքում բացահայտվել են շատ բարձրակարգ պրոֆեսորներ, որ այլ բան քարոզում են, այլ բան անում։

«Օրինակ՝ այսօր Վալերի Բրյուսովի անվան համալսանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը փակել էր համալսարանի դուռը՝ արգելելով ուսանողների մասնակցությունը երթին։ Նրանք բռնացել են ուսանողների ազատ կամքի վրա, անգամ իրավական գործընթաց կարելի է սկսել»,- ասել է Բագրատ Սրբազանը։

Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցեները երթը մեկնարկել են մայիսի 4-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղից։ Երթը երեկ՝ մայիսի 9-ին, հասել է մայրաքաղաք Երևան։ Այն գլխավորում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։