16 Նոյ
2024
3° c ԵՐԵՎԱՆ
5.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետք է հակասահմանադրական կամ անվավեր ճանաչել Արցախի «լուծարման» մասին նախագահի հրամանագիրը․ Արտակ Բեգլարյան

Պետք է հակասահմանադրական կամ անվավեր ճանաչել Արցախի «լուծարման» մասին նախագահի հրամանագիրը․ Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետությունը պետք է շարունակի գործել՝ վերանայված նպատակներով
և վերակազմակերպված ինստիտուտներով. Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար
Արտակ Բեգլարյանը։

«Արցախի ժողովրդի ցեղասպանությունից ու հայրենազրկումից հետո նոր
և ծանրագույն քաղաքական ու հումանիտար իրավիճակ է ձևավորվել, որից բխող նոր անելիքներ
կան Արցախի Հանրապետության վտարանդի իշխանությունների համար»,-գրել է նա:

Արտակ Բեգլարյանը խորհուրդ է տալիս պահպանել և վերագործարկել Արցախի
Հանրապետության պետական կառավարման համակարգը և կարևոր հանրային ինստիտուտները։ Ձևավորել
միջազգային աջակցություն՝ ԼՂԻՄ ողջ տարածք արցախցիների վերադարձի համար։

 «Հասնել Արցախի ժողովրդի անվտանգության միջազգային ամուր
երաշխիքների՝ նախընտրաբար ՄԱԿ-ի խաղաղապահ զորակազմի և ՄԱԿ-ի համապատասխան մարմինների
տեղակայման և այլ հնարավոր քայլերի միջոցով։ Ապահովել սեփական հայրենիքում Արցախի ժողովրդի
ինքնակառավարման բարձր մակարդակ՝ նրա ինքնորոշման անքակտելի իրավունքի և հետագա նոր
ադրբեջանական հանցագործությունների կանխարգելման միջազգային պարտավորության հիման վրա»,-գրել
է Բեգլարյանը։

Նա խոսել է նաև  հոգևոր-մշակութային ժառանգության, այլ արժեքների
ու ռեսուրսների պահպանության անհրաժեշտության, նաև Ադրբեջանում ազատազրկված բոլոր ռազմագերիների,
այդ թվում՝ ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի կապակցությամբ։

Բեգլարյանի խոսքով՝ պետք է անվավեր կամ հակասահմանադրական ճանաչել
ԱՀ նախագահի սեպտեմբերի 28-ի հրամանագիրը Արցախի Հանրապետության «լուծարման» մասին,
որն ակնհայտորեն ստորագրվել է բռնության լրջագույն սպառնալիքի տակ և լիազորությունների
վերազանցմամբ:

«Վստահ եմ, որ դրա անհրաժեշտությունն ընկալում են բոլորը, իսկ կատարման
եղանակը կարող է լինել կա՛մ Հանրապետության նախագահի նոր հրամանագիրը, կա՛մ ԱԺ պատգամավորների
կամ ԱՀ Սահմանադրության 142-րդ հոդվածով սահմանված մեկ այլ սուբյեկտի դիմումի հիման
վրա Գերագույն դատարանի որոշումը: Թեև այդ հրամանագիրն ի սկզբանե առոչինչ է՝ բռնության
սպառնալիքի և նախագահական լիազորությունների հարկադրված վերազանցման պատճառով, սակայն
այն ֆորմալ ընթացակարգերի միջոցով անվավեր ճանաչելը կարևոր է ոչ միայն իրավական, այլև՝
քաղաքական ու տեղեկատվական նկատառումներից ելնելով»,-գրել է Բեգլարյանը: