Ճապոնիայի կայսր Նարուհիտոն հաստատել է Ճապոնիայի նոր կառավարության կազմը, այն ղեկավարելու է վարչապետ Շիգերու Իշիբան։ Պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ Տոկիոյի կայսերական պալատում, հայտնում է Kyodo գործակալությունը։
Կայսեր կողմից նախարարների կաբինետի կազմի հաստատումը պարտադիր ընթացակարգ է, որն ամրագրված է Ճապոնիայի Սահմանադրության մեջ։
Արարողության ժամանակ նախարարները հերթով կայսրից ստանում են հատուկ փաստաթուղթ՝ նշանակման ծանուցում՝ նրա ստորագրությամբ։
Ճապոնիայի նոր կառավարությունում արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ են նշանակվել գերատեսչությունների նախկին ղեկավարները՝ Տակեշի Իվայան և Գեն Նակատանին։ Կացունոբու Կատոն նշանակվել է ֆինանսների նախարար։
Կառավարության 20 անդամներից 13-ը առաջին անգամ են նշանակվել նախարարների պաշտոններում։ Կառավարության կազմում երկու կին կա։