Շատ բարդ է կանխատեսել, թե երբ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ․ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի համար դժվար է կանխատեսել, թե երբ հնարավոր կլինի Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին, պետք է հետևել իրադարձությունների զարգացմանը․ նման հայտարարությամբ է հանդես եկել ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած իր առաջին ասուլիսում։
Ռյուտեն բացատրել է, թե ինչից է կախված Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին: Նրա խոսքով՝ դրա վրա ազդեցություն ունեն մի քանի գործոններ, որոնցից մեկը պատերազմի հանգուցալուծումն է։
«Պետք է հետևել առաջիկա վեց ամիսների, մեկ, երկու տարվա բոլոր զարգացումներին։ Ես աջակցում եմ Ուկրաինային օգնության ծրագրի շարունակականությանը՝ ևԱՄՆ-ում, և Եվրոպայում հասկանում են՝ Եթե Վլադիմիր Պուտինը հասնի իր նպատակներին, դա կհանգեցնի դաշինքի համար անվտանգության իրավիճակի վատթարացմանը»,-ասել է նորանշանակ գլխավոր քարտուղարը։