02 Մայ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայտնի է, թե որ ընկերությունն է հաղթել Հրապարակում «Հայփոստի» շենքի լավագույն օգտագործման մրցույթում

Հայտնի է, թե որ ընկերությունն է հաղթել Հրապարակում «Հայփոստի» շենքի լավագույն օգտագործման մրցույթում

Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Առնակ Ավետիսյանը հայտարարել էր, որ «Հայփոստի» շենքը մասնավորեցվելու է և ներառվելու է «Ռիփաբլիք Պլազա» բաց բաժնետիրական ընկերության մեջ: ABC Media-ն դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտե՝ շենքի հետագա ճակատագրի մասին մանրամասներ ստանալու համար:

Հանրապետության հրապարակում՝ Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքը ներկայումս պատկանում է «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ին, որն էլ իր հերթին հանդիսանում է 100% պետական մասնակցությամբ ընկերություն։ Նախատեսվում է ոչ թե շենքի վաճառք, այլ քննարկվում է բաժնետոմսերի մասնավորեցումը՝ պետական բաժնետոմսերի մի մասի պահպանմամբ:

Ինչ վերաբերում է բաժնետոմսերի վաճառքին, ապա որևէ գործընթաց ներկայումս չի ընթանում:

Մրցույթը, որն ընկերությունը հայտարարել էր շենքի լավագույն օգտագործման հնարավորությունների վերլուծության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար, ընթացել է երկու փուլով, մասնակցել են 13 հայկական և արտասահմանյան կազմակերպություններ, և արդյունքում հաղթող է ճանաչվել միջազգային «Cushman& Wakefield» ընկերության լիցենզավորված ներկայացուցիչ «Վերիտաս Բրաուն» ՍՊ ընկերությունը։

Հարցին՝ ինչպե՞ս է ապահովվելու հանրային շահը՝ հաշվի առնելով, որ շենքը գտնվում է Հանրապետության հրապարակի տարածքում, որն էլ իր հերթին հանրային նշանակության վայր է, Պետական գույքի կառավարման կոմիտեից արձագանքել են. «Շենքը հանդիսանում է հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան։ Այդ պատճառով մրցութային հանձնաժողովում ներգրավված է եղել նաևԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ։ Մրցույթի հայտարարության տեքստում հստակ նշում է արվել շենքի պատմամշակութային կարգավիճակի մասին, և հետագայում ևս շենքի հետ բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն համապատասխան օրենսդրության պահանջների պահպանմամբ»։

Պետական գույքի կառավարման կոմիտեից հավելել են, որ հենց հանրային շահից ելնելով է հայտարարվել մրցույթը, որի արդյունքում պետք է մշակվի այնպիսի կոնցեպտ, որն առավելագույնս համապատասխանի Հանրապետության Հրապարակի պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրին:

Եվս մեկ անգամ շեշտվում է, որ շենքի ֆունկցիոնալ նշանակությունը որոշվելու է հաղթող մասնակցի կողմից իրականացվելիք վերլուծության հիման վրա:

Կառավարության 2023 թվականի որոշման մեջ սահմանված է, որ հաղթող ընկերությունը պարտավոր է պահպանել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները և օրենքով սահմանված կարգով լիազորված մարմնին ներկայացնել հուշարձանի պահպանական պարտավորագիր։

Ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը ABC Media-ի հետ զրույցում նշել է, որ տեղյակ է որոշման մասին, սակայն շենքը պահպանվող հուշարձանների ցանկում չէ, հետևաբար՝ օրենքն էլ նրան չի վերաբերում. «Սովորական շենք է, որը Կառավարության տնօրինության տակ է, բոլորն են Կառավարության տնօրինության տակ»:

Մինասյանի խոսքով՝ երբ նախագիծը դրվի քննարկման, կտեսնեն՝ ինչ է դա, որովհետև այդ շենքի հետագա ճակատագիրը պետության իրավասության տակ է:

«Եթե ավելի մեծ ծրագիր են անում, որը չի բավարարելու այդ շենքը, կարող են քանդել նույնիսկ, կարող են փոփոխությունների ենթարկել, նայած, թե ինչ աստիճանի են ուզում օգտագործել… ես չգիտեմ՝ ինչ են ներկայացնելու»,֊ասել է ճարտարապետը:

Նա ցավով է նշում, որ մարդիկ սովորել են, շատ ավելի վատ դեպքեր են եղել, որոնց համար բազմիցս զգուշացրել են՝ սկսած Երիտասարդական պալատից ու Փակ Շուկայից: «Ամեն անգամ մենք զգուշացնում ենք, և արդյունքը, ցավալի է, բայց լրիվ հակառակն է ստացվում»,-ասել է ճարտարապետը:

Ըստ Մինասյանի՝ մեր քաղաքի տեսքը պահում են թամանյանական շրջանի մինչև 70-ական թվականների շենքերը, բայց մենք տեսնում ենք, որ նույնիսկ այդ շենքերը երբեմն ուզում են փոփոխության ենթարկել: Մեծ ջանքեր է պահանջվում, որ ասեն՝ չի կարելի այդպես անել:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026