Սրբազանը գալիս է՝ հայությանը ոտքի հանելու, ցույց տալու, որ պարտության սիմվոլներին արժանի չեն. Խաչիկ Մանուկյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի խոսքով՝ «ստի կայսրությունը» շուտով փլուզվելու է, որովհետև եկել են մարդիկ, ովքեր աննահանջ են։
«Եկել են մարդիկ, ովքեր արժեհամակարգի կրողներն են։ Նրանք չեն գալիս աթոռի կամ պաշտոնի համար։ Ավելի մեծ պաշտոն, քան Սրբազանինն է, այդ աստվածային պաշտոնը, գոյություն չունի։ Նա, իսկապես, համայն հայության սերն ու հարգանքն է վայելում։ Մարդիկ ողջ ճանապարհին իրենց բալիկներին մոտեցնում են, որ օրհնություն ստանան։ Սրանից ավելի մեծ հարստություն գոյություն չունի»,-ասել է բանաստեղծը։
Նրա խոսքով, Սրբազանը գալիս է ողջ հայությանը օրհնելու։
«Նա գալիս է ողջ հայությանը ոտքի հանելու, ցույց տալու, որ հայությունն այս պարտության սիմվոլներին արժանի չէ։ Հայերն այն մարդիկ չեն, որ գան, իրենց տներից ասեն՝ դուրս եկեք, սա մեր թշնամունն է։ Հետո գլուխ գովեն, թե թույլ տվեցին իրենց հետ բանակցել։ Այս ծաղրը որպես հպարտություն ներկայացնելը ծաղրի ժանրից է։ Մարդիկ թմբիրի մեջ են մնացել, և հիմա Սրբազանը գալիս է՝ արթնացնելու մարդկանց, բոլորն են գալիս։ Վստահ եմ, որ մեր միասնականությունը ավելի կզորանա ու մենք կտեսնենք չարիքի կայսրության փլուզում»,- նշել է նա։