Կա 29 ձերբակալված, նրանցից 7-ը վնասվածքներ ունի, խտրական արդարադատության դրսևորում է. Սերգեյ Հարությունյան
Այսօր տեղի ունեցածը խտրական արդարադատության հերթական դրսևորումն է. անդրադառնալով ՀՀ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած բախման ընթացքում բերման ենթարկվածների խնդրին՝ ասաց «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ, փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
«Եթե մի քանի օր առաջ 40 կարմիրբերետավոր բիրտ ուժ կիրառելով, խուլիգանաբար պատգամավորի էր ծեծում, այդ դեպքում ոչ մի գործողություն մինչև այս պահը չկա, ընդամենը կասեցված է մեկ ոստիկանի գործունեոությունը, բայց այսօրվա պարագայում ստեղծվել է քննչական խումբ, արագացված կերպով աշխատում են, արդեն 29 անձ ձերբակալված է, վերջին 4 տարիներին մենք բախվում ենք խտրական արդարադատությանը, այսօր կրկին արդեն ցայտուն, ցցուն կերպով տեսնում ենք, թե ինչ է կատարվում»,-ասել է փաստաբանը:
Նա նշել է, որ այսօրվա դեպքից հետո կա 29 ձերբակալված, նրանցից 25-ը Կենտրոնի բաժնում են եղել, 4-ը՝ Շենգավիթի բաժնում: Նրանց թվում ոստիկանների գործողությունների, բռնության հետևանքով ծանր վիրավորում ստացած տղաներ կան:
Սերգեյ Հարությունյանը պատմել է, որ 2 ոստիկան մոտեցել են իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին ու պնդել, որ նրանց սուր, ծակող գործիքներով խփել են, բայց շարժման անդամները միշտ են նշել՝ ով նման բան անի, շարժման հետ չէ:
«Մենք տեսնում ենք, որ ինչ-որ առարկաներ, շշեր են նետվում դեպի ոստիկանները և անմիջապես այդ րոպեին ոստիկանները գործողություն են սկսում Սրբազանի մոտ կանգնած նկատմամբ: Պարզ է չէ՞, որ սա ակնհայտ սադրանք է, կազմակերպված սադրանք է, որ վայրկյանական կողմնորոշվելով այդ գործողությունն արվեց»,-ասել է նա: