
Փաստաբանների ձերբակալությունները՝ ռեպրեսիայի նոր փուլ. Գործընկերների արձագանքը՝ Կոչուբաևի կալանքին
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը լայն արձագանք է առաջացրել իրավաբանական համայնքում։ Փաստաբաններ Սոս Հակոբյանն ու Ռուբեն Մելիքյանը համակարծիք են՝ տեղի ունեցածը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդար։
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունների գործողությունները «ակնհայտ ոչ իրավաչափ են և ավելի շատ վրեժխնդրության տարրեր են պարունակում, քան իրավական տրամաբանություն»։
ABC media-ի հետ զրույցում նա ընդգծել է, որ փաստաբանական համայնքը քաղաքացիական հասարակության ամենակայացած ինստիտուտն է, և հենց այդ պատճառով է դարձել իշխանությունների թիրախը:
«Իշխանությունը ժողովրդավարությունը հաշմանդամ է դարձրել՝ սահմանափակելով այն միայն ընտրություններով, մինչդեռ մարդու իրավունքների վիճակը ողբալի է»,- նշել է Հակոբյանը։
Ռուբեն Մելիքյանն իր հերթին կարծում է, որ Կոչուբաևի գործը ոչ թե մեկ մարդու, այլ գաղափարի դեմ է ուղղված․ «Խնդիրը Կոչուբաևի անձը չէ, այլ գաղափարների ինստիտուտն է․ սա քաղաքական հետապնդում է և ռեպրեսիայի նոր դրսևորում»։
Նրա խոսքով՝ փաստաբանի ձերբակալությունը նաև հարված է նրա պաշտպանյալների իրավունքներին: «Փաստաբանի շարքից հանելը նշանակում է միջամտություն նաև պաշտպանյալների իրավունքներին, ինչը ևս լուրջ իրավական խնդիր է»,- ABC media-ի հետ զրույցում ասել է փաստաբանը։
Երկու իրավաբաններն էլ համոզված են՝ Հայաստանում այլախոհության լռեցման գործընթացը խորանում է, և սա կարող է լինել ոչ թե վերջը, այլ սկիզբը՝ քաղաքացիական ազատությունների սահմանափակման նոր փուլի։
Տեղի ունեցածի մասին հայտարարություն էր տարածել նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը: Նա անընդունելի և դատապարտելի է որակել Կոչուբաևի ձերբակալումն ու դրա բիրտ եղանակը:
«Տեսանյութից պարզորոշ երևում է, որ բռնության հետ չկապված՝ միջին ծանրության հանցանքի մեջ մեղադրվող անձը ձերբակալվում է ցուցադրական նվաստացման տարրեր պարունակող եղանակով՝ դիմակավորված իրավապահների կողմից, ասֆալտին պառկեցնելու միջոցով: Նման եղանակով անհամաչափ ուժի կիրառությունը քաղաքացու, հատկապես՝ փաստաբանի նկատմամբ, դառնում է պատժիչ գործիք:
Արատավոր այս պրակտիկան դատապարտելի է»,-գրել է Սիմոն Բաբայանը։
Փաստաբան Արսեն Բաբայանը նախքան Կոչուբաևի կալանավորման մասին որոշումն էր վստահ, որ դատավորը նրան կալանքի է տանելու:
«Բայց հիշեք, տղե՛րք, էս ամենը կուտակվում ու կուտակվում է մեր մեջ, որը մի օր, օրինակ՝ Նիկոլից հետո, պայթելու է…
Նիկոլը վաղուց գիտի, որ այլեւս անզոր է որեւէ փրկության համար, բայց դուք Նիկոլ չդառնալու ձեր հնարավորությունը թեեւ կարգին մաշեցրել եք, բայց ոչ վերջնական:
Վստահաբար գալու է պատասխան տալու օրը, չկասկածեք…»,-գրել էր նա:


