28 Մայ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այսօր Առաջին Հանրապետության օրն է

Այսօր Առաջին Հանրապետության օրն է

«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ` Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել Հայոց ազգային կառավարություն` Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները` հայկական գավառների քաղաքական ղեկը վարելու». այս խոսքերով ձևավորվեց Հայաստանի անկախության հռչակագիրը:

1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: 1918-ի այս օրը վերականգնվեց երկար դարեր խաթարված հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ պայքարում և կասեցվեց նրանց առաջխաղացումը:

Մայիսյան հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի` շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը: Մայիսի 26-ին լուծարվել էր Անդրկովկասյան Սեյմը, Ադրբեջանն ու Վրաստանն անկախություն էին ստացել, հերթը Հայաստանինն էր, և մայիսին 28-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը:

Արդեն հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտեցման պայմանագիրը, 11 հազար քմ տարածքի վրա ձևավորվեց Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը:

Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ ժամանակում ստեղծեց պետությանը բնորոշ բոլոր ատրիբուտները, ընտրեց խորհրդարան (նախագահ Ավետիք Սահակյան), ձևավորեց կառավարություն (վարչապետ` Հովհաննես Քաջազնունի):

Սակայն Հայաստանի առաջին հանրապետության կյանքը միայն 2 տարի տևեց. 1920թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանը բռնազավթվեց բոլշևիկյան 11-րդ կարմիր բանակի կողմից:

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026