
Պտտահողմ, կարկուտ, վնասված բերք, ջարդված մեքենաներ. ի՞նչ վիճակ է Շիրակում
Հուլիսի 17-ին Շիրակի մարզի մի շարք համայնքներում ուժեղ կարկուտ և պտտահողմ է գրանցվել։ Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Անի խոշորացված համայնքի Սառնաղբյուր, Լանջիկ, Հայկաձոր և Բագրավան բնակավայրերում։ Ուժեղ քամին գրեթե արմատախիլ է արել ծառեր, իսկ կարկուտը վնասել է ցանքատարածությունները, մրգատու ծառերը, ծաղիկներն ու ավտոմեքենաները։ Տեղացած կարկուտի հետևանքով կոտրվել են նաև մի շարք մեքենաների դիմապակիները։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հրապարակել է տեսանյութեր, որտեղ երևում են տարերքի հասցրած վնասները։
ABC Media-ն զրուցել է տուժած բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։
Լանջիկ բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Աբաջյանի խոսքով՝ գյուղատնտեսական վնասները զգալի են։
«Գարու և ցորենի ցանքատարածությունները գրեթե 100 տոկոսով վնասվել են, կան հատվածներ, որտեղ վնասը 70-80 տոկոս է, բայց, ընդհանուր առմամբ, ամբողջ գյուղը տուժել է։ Կարկուտը տևել է մոտ 40 րոպե։ Վնասվել են նաև ավտոմեքենաները՝ ջարդվել են հայելիներ, մեքենաների վրա փոսեր են առաջացել»,- ասաց նա։
Աբաջյանը նշեց, որ նախորդ նման դեպքի ժամանակ փոխհատուցում տրամադրվել էր, և հույս հայտնեց, որ այս անգամ ևս վնասները կփոխհատուցվեն։ Նրա խոսքով՝ գյուղում կան նաև բերքն ապահովագրած տնտեսություններ։
Բագրավան բնակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Պետրոսյանի խոսքով՝ վնասների պաշտոնական գնահատումը դեռ չի իրականացվել, քանի որ դաշտերը շարունակում են ցեխոտ մնալ։
«Սպասում ենք մարզպետարանի և համայնքի հանձնաժողովների այցին, որ իրականացնեն վնասների գնահատում։ Կան տարածքներ, որտեղ բերքը վնասվել է 100 տոկոսով, կան՝ մոտ 50 տոկոսով։ Վնասվել են նաև մեքենաներ, մի քանի տան տանիքներից շիֆերներ են պոկվել»,- ասաց նա։
Պետրոսյանի խոսքով՝ կարկուտից թեթև վնասվածք է ստացել մեկ հովիվ և բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է աշխատանքի։ Կենդանիների մասով կորուստներ չեն գրանցվել։
Սառնաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Գագիկ Սարոյանը նշեց, որ մարդկային զոհեր կամ լուրջ վնասվածքներ չկան։
«Վնասները տարբեր են։ Կան հատվածներ, որտեղ կարկուտը վնասել է ծառերն ու բերքը, կան տեղեր, որտեղ վնասը փոքր է կամ ընդհանրապես չկա։ Պտտահողմն էլ հիմնականում անցել է գյուղից դուրս՝ սարի հատվածներով և բնակավայրին լուրջ վնաս չի հասցրել»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ համայնքում շարունակում են ուսումնասիրել վնասների ծավալը, սակայն լեռնային տարածքների մի մասը դեռևս անհասանելի է՝ անձրևներից հետո առաջացած դժվարանցանելիության պատճառով։
Համայնքներում այժմ սպասում են մասնագիտական հանձնաժողովների աշխատանքին, որոնք կգնահատեն տարերային երևույթի պատճառած վնասների ամբողջական ծավալը։


