ABCMEDIA
Ադրբեջանը շարունակում է ավերիչ քաղաքականությունը` վանդալիզմի ենթարկելով օկուպացված Արցախի վանքերը, եկեղեցիները, խաչքարերը, շենք ու շինությունները․ Արցախի թեմ

Ադրբեջանը շարունակում է ավերիչ քաղաքականությունը` վանդալիզմի ենթարկելով օկուպացված Արցախի վանքերը, եկեղեցիները, խաչքարերը, շենք ու շինությունները․ Արցախի թեմ

Հերթական անգամ ցավով ականատեսը եղանք ադրբեջանցիների կողմից Արցախի մեր սրբավայրերից մեկի պղծման որողրմելի դեպքին, երբ դիմակավոր անձը հեգնական կեցվածքով նստել էր Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու խորանին տեղադրված գահի վրա. այս մասին հայտարարություն է տարածել Հայ եկեղեցու Արցախի թեմը:

«Անկեղծ ասած՝ մեզ համար նորություն չէ և սպասելի էր նման վերաբերմունք, որովհետեւ նրանք երբեք էլ չեն թաքցրել իրենց ատելությունը մեր սրբավայրերի, հոգևոր-մշակութային կոթողների հանդեպ եւ հարմար առիթի դեպքում հագեցում են տվել իրենց ներսում խնամքով պահվող քոչվոր-թալանչու էությանը:

Մեզ համար առավել ցավալի է այդ ամենի հանդեպ մեր անզոր վիճակը, երբ բացի խոսքային մակարդակում մեր զայրույթը պարպելուց, որևէ այլ տարբերակով չենք կարողանում արձագանքել կամ կանխել նման վանդալիզմի դեպքերը: Այս ամենը վիրավորական է մեր Եկեղեցու համար, ամեն մի հայի համար, և ի պաշտոնե հայի արժանապատվության երաշխավորի՝ մեր պետության համար:

Հուսով ենք, որ պատկան մարմինների կողմից կարվեն համապատասխան հետևություններ եւ անհրաժեշտ քայլեր՝ Արցախի հին ու նոր սրբավայրերի, մշակութային ժառանգության պատշաճ պահպանության համար: Եթե մենք չենք հասկանում մեր իրական արժեքը, ոչ մեկն էլ չի հասկանա ու չի հարգի մեզ:

Ադրբեջանը շարունակում է իր ավերիչ քաղաքականությունը` վանդալիզմի ենթարկելով օկուպացված Արցախի վանքերը, եկեղեցիները, խաչքարերը, շենք ու շինությունները»,- ասված է հայտարարության մեջ: