27 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի Հադրութի շրջանում հայկական եկեղեցին ավերվել է. Caucasus Heritage Watch

Արցախի Հադրութի շրջանում հայկական եկեղեցին ավերվել է. Caucasus Heritage Watch

Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը
(Caucasus Heritage Watch) ահազանգում է օկուպացված Արցախի Հադրութի շրջանում գտնվող
հայկական եկեղեցու ավերման մասին, ինչը փաստում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման
խախտման մասին։

2022 թվականի ամռանը Caucasus Heritage Watch-ը արձանագրել էր
2020 թվական 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի իրավասության տակ անցած Հադրութի շրջանի
Մոխրենես գյուղի գրեթե ամբողջական ավերումը։ Հիմնովին ավերված կառույցների թվում էր
նաև Մոխրենեսի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որը կառուցվել էր 18-19-րդ դարերում։

Սակայն, ինչպես նշված է հրապարակման մեջ, Սուրբ Սարգիս եկեղեցու
քանդումը, ըստ ամենայնի, վերջին քայլը չէր ադրբեջանական միջամտության առումով, քանի
որ կազմակերպությունն իր շարունակական դիտարկման ընթացքում փաստագրել է ապացույցներ
հետագա շինարարական աշխատանքների վերաբերյալ։

Կազմակերպությունը հիշեցնում է, որ Ադրբեջանը պարտավոր է պաշտպանել
հայկական մշակութային ժառանգությունը և կանխել Մոխրենեսում հայկական դարավոր մշակութային
և կրոնական կյանքը ջնջելու ցանկացած փորձ։

«2022 թվականին եկեղեցու ավերումը Միջազգային դատարանի 2021 թվականի
դեկտեմբերի միջանկյալ միջոցի առաջին փաստագրված խախտումն է»,- ասված է կազմակերպության
հրապարակման մեջ: Ըստ Caucasus Heritage Watch-ի՝ հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարձագանքի
Արդարադատության միջազգային դատարանը իր վճիռների խախտումներին և դրանք քողարկելու
փորձերին:

Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանը 2021 թվականի
դեկտեմբերի 7-ին որոշում էր կայացրել՝ պարտադրել Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ
միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական
մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների,
տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»: