
Երևանում տեղադրվող արգելափակոցները իրավական որևէ կարգավորում չունեն․ ABCmedia-ն զրուցել է Կենտրոն վարչական շրջանի ներկայացուցչի հետ
Մայրաքաղաքի տարբեր հատվածներում վերջերս ավելացել են արգելափակոցները. ո՞րն է պատճառը, ովքե՞ր են պատասխանատուները և ինչպե՞ս են դրանք վերահսվկում։ ABCmedia-ն զրուցել է Կենտրոն վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Անդրանիկ Ստեփանյանի հետ։ Նրա խոսքով՝ իրավական որևէ կարգավորում այս ոլորտում չկա։
«Արգելափակոցներ տեղադրվում են տվյալ վարչական համայնքի սեփականատերերի, համասեփականատերերի նախաձեռնությամբ։ Օրինակ՝ շենքի բնակիչները, որոնք նաև սեփականատեր են, որոշում են սահմանափակել բակ մտնող ավտոմեքենաների հոսքը։ Դիմում են ներկայացնում տվյալ վարչական համայնքին, ներկայացնում համապատասխան փաստաթղթերը, նկարներով կցում արգելափակոց տեղադրելու վայրը, դիրքը։ Եթե որևէ խոչընդոտ չի լինում, վարչակազմը այն տեղադրելու թույլտվություն է տալիս»,- նշել է Անդրանիկ Ստեփանյանը։
Արգելափակոց տեղադրելու ցանկություն ունեցող նախաձեռնող խումբը թույլտվություն ստանալուց հետո բնակիչներից հավաքում է գումար ու կազմակերպում մյուս բոլոր հարցերը։ Անդրանիկ Ստեփանյանի խոսքով՝ տեղադրվելու ընթացքը չի վերահսկվում թույլտվությունից հետո։
«Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե որքան գումար է հավաքվում։ Բնակիչները արգելափակոցները ձեռք են բերում ու ունենում են հեռակառավարման վահանակներ։ Մենք հստակ պահանջ ենք ներակայցնում․ ԱԻՆ-ի և շտապօգնության համար մուտքի որևէ արգելք չպետք է գործի։ Խնդիր ստեղծվում է այն ժամանակ, երբ սեփականատերերից մեկը վաճառում է բնակարանը ու նոր սեփականատերը անհամաձայնություն է հայտնում արգելափակոցի վերաբերյալ։ Եթե ներկայացված դժգոհությունը հիմնավոր է լինում, վարչական համայնքը արգելափակոցը ապամոնտաժելու որոշում է կայանցում»,- մանրամասնեց Ստեփանյանը։
Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի խոսքով՝ այդ ոլորտը նախարարությունն էլ չի կարգավորում։
Ինչպե՞ս են բնակիչները ապահովում շտապօգնության և ԱԻՆ-ի մուտքը արգելափակված տարածքներ, ինչու՞ է վերջին շրջանում շատացել դրանք տեղադրելու անհրաժեշտությունը։ Թեման շարունակում է մնալ ABCmedia-ի ուշադրության կենտրոնում, մանրամասները կներկայացնենք հաջորդիվ։