26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ջիլիզայի բնակչի տունը առցանց քարտեզներում հայտնվել է Վրաստանի տարածքում

Ջիլիզայի բնակչի տունը առցանց քարտեզներում հայտնվել է Վրաստանի տարածքում

Լոռու մարզի Ջիլիզա գյուղի բնակիչները կորցրել են հանգիստը․ գյուղմթերքի, անասունների վաճառքով չեն կարողանում զբաղվել, գյուղ մտնել, դուրս գալու համար պետք է հատուկ թույլտվություն անգամ բնակիչների համար․ այս մասին «Անկյուն+3» հեռուստաընկերության եթերում ասել է Ջիլիզա գյուղի բնակիչ Ալբերտ Լալայանը։

«Մարդ ինչպե՞ս կարող է սեփական տանը կալանավայրի պես ապրել։ Բարեկամներիցս ոչ մեկին թույլ  չեն տալիս մտնեն մեր գյուղ։ Մենք չենք կարողանում հյուրեր ընդունել, հյուր գնալ։ Խայտառակություն է։ Այսպես ո՞նց կլինի»,- նշում է Ջիլիզայի բնակիչը։

Մինչ սահմանային խստացումները՝ գյուղում ապրում էր 32 ընտանիք, հիմա ընդամենը 3 ընտանիք է մնացել։ Լալայանի տունը անմիջապես հայ-վրացական սահմանին է։ Օրերս «Яндекс» քարտեզով նկատել է, որ տունը ընդգրկված է Վրաստանի տարածքում։

«Ես քարտեզով տեսնում եմ՝ տունս, տան կողքի տարածքը, իմ ամբողջ կարողությունը նշված է որպես Վրաստանի մաս։ Ձայն չհանես այս գործողություններին, դառնում ես դավաճան։ Ամեն մեկը լռելով՝ իր գրպանի մասին է մտածում։ Պետք է բոլորս մեկ մարդու պես մեր հող ու ջրին տեր կանգնենք, հերիք է, փողի հետևից վազելով, այս իրավիճակին հասնել։ Իմ տունն է, ինչու՞ են Վրաստանին տալիս։ Մենք վրացիների հետ խնդիրներ երբեք չենք ունեցել, բարեկամաբար ապրել ենք։ Այս ի՞նչ որոշումներ են»,- ասում է Ալբերտ Լալայանը՝ նշելով, որ քարտեզում փոփոխությունը փետրվարի 26-ից է արվել։

Լոռու մարզի Ջիլիզա գյուղը եթե հանձնվի Վրաստանին, բնակիչները կկորցնեն իրենց անշարժ և շարժական գույքը, արոտավայրերը, այգիները։

Հիշեցնենք՝ Ջիլիզա գյուղը Վրաստանին հանձնելու խոսակցությունները լրատվական դաշտ է նետվել Փաշինյանի՝ Վրաստան կատարած այցից հետո։