26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը ՀԱՊԿ-ից  դե յուրե դուրս չի գա․ քաղաքագետ

Հայաստանը ՀԱՊԿ-ից  դե յուրե դուրս չի գա․ քաղաքագետ

Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները սառեցված են դեռ 2021 թվականից ու Հայաստանի իշխանությունը իր հայտարարությամբ հայտնագործություն չի անում։ Այս մասին ABC media-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները իսկապես կասեցված են, ճգնաժամ է նաև հայ-ռուսական ընդհանուր հարաբերություններում։ Հիմնական պատճառներից մեկը Ռուսաստանի ուշադրության կենտրոնացումն է այլ ճակատում։ Այսինքն՝ ռուս-ուկրաինական պատերազմով է զբաղված»,- ասել է քաղաքագետը։

Անդրադառնալով Ռուսաստանի պատասխան հայտարարությանը՝ Իսկանդարյանը նշում է, որ ճիշտ արձագանք է եղել, և եթե ՀԱՊԿ-ը չունի անդամ երկրների հետ «սառեցված հարաբերություններ» կարգավիճակը, ինչպե՞ս կարող է Հայաստանի հետ ունենալ։

«Հայ-ռուսական ընդհանուր հարաբերությունները, մասնավորապես ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները, պայմանավորված են նաև Հայաստանի թերի քաղաքականությամբ, աշխատանքով, փորձագիտական բազայով»,-ասել է Իսկանդարյանը։

Նա նշել է, որ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ լարվել էր նախքան Փաշինյանի իշխանության գալը։ Այդ ժամանակ պատճառը ոչ թե թույլ քաղաքականություն վարելն էր, այլ Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելը։

«Հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ ընթացքում նման լարված իրավիճակ, սակայն, երբեք չի եղել։ Պետք է նաև նշել, որ ՀԱՊԿ-ի ներսում իրավիճակը ևս լարված է»,-ասել է նա։

Քաղաքագետը չի կարծում, թե Հայաստանն այս պահին ՀԱՊԿ-ից դուրս կգա նաև դե-յուրե։