24 Հլս
2024
30° c ԵՐԵՎԱՆ
22.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տուժող ճանաչված քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը հարցաքննվել է, դատաբժշկական փորձաքննություն է իրականացվում. փաստաբան

Տուժող ճանաչված քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը հարցաքննվել է, դատաբժշկական փորձաքննություն է իրականացվում. փաստաբան

Genesis Armenia  ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քգթ, դոցենտ, հասարակական գործիչ Աբրահամ Գասպարյանը տուժող է ճանաչվել, Քննչական կոմիտեն հաստատել է այն. ABC media-ի հետ զրույցում ասել է Աբրահամ Գասպարյանի փաստաբան Տիգրան Գրիգորյանը։

«Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։ Այն ընթացքում է, ակտիվ աշխատում են նախաքննական մարմինը, Քննչական կոմիտեն։ Հունիսի 12-ի գործողությունների վերաբերյալ քրեական ծավալուն վարույթ է նախաձեռնված. մեկը զանգվածային անկարգություններին է վերաբերում, մյուսը՝ խոշտանգումների կամ լիազորությունները չարաշահելուն։ Պարոն Գասպարյանի դեպքում լիազորությունների չարաշահմանն ու կողոպտելուն է վերաբերում։ Տեղեկացնեմ, որ լիազորությունների չարաշահումը մարմնական վնասվածքներ հասցնելու հիմքով է։ Սրանք իրավական նախնական գնահատականներ են, դեռ պարզ չէ՝ ՔԿ-ն այն խոշտանգում կորակի, թե այլ հանցատեսակ»,- ասել է Գրիգորյանը։

Փաստաբանի խոսքով՝ Աբրահամ Գասպարյանը գործի շրջանակում արդեն հարցաքննվել է։ Նախաքննական գաղտնիքը հաշվի առնելով՝ մանրամասներ  չեն կարող հայտնել ո՛չ փաստաբանը, ո՛չ տուժող ճանաչված Աբրահամ Գասպարյանը։

Հիշեցնենք՝ հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ուժայինների միջև բախում էր առաջացել։ Ոստիկանները ցուցարարների ուղղությամբ կիրառել են լուսաձայնային նռնակներ, անհամաչափ ուժ կիրառել։ Բախման հետևանքով հոսպիտալացվել է շուրջ 101 քաղաքացի։

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը դաժան ծեծի էր ենթարկվել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել ոստիկանական բաժանմունք։ Ավելի քան 3 ժամ այնտեղ պահելուց հետո նրան ազատ էին արձակել։ Աբրահամ Գասպարյանին հիվանդանոց տեղափոխելուց հետո բժիշկները ախտորոշել էին գլխուղեղի ցնցում, կողոսկրերի կոտրվածքներ։

Նշենք նաև, որ բերման ենթարկելու ժամանակ Աբրահամ Գասպարյանից գողացել են հեռախոսը, ոսկյա շղթան ու դրամապանակը։