
Կամ մինչև տարվա վերջ աղբավայրի մրցույթը կկայանա, կամ ես կադրային փոփոխություն կանեմ. Ավինյան
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել գործակարգավարական նիստ, որտեղ քննարկվել է Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի և աղբավայրի հետագա կարգավորման հարցը։
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը տեղեկացրել է, որ հրդեհի մասին ահազանգ ստացվել է օգոստոսի 8-ի կեսգիշերին։ Աշխատանքներին ներգրավվել են փրկարար ծառայության ուժերը, Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումները, վարչական շրջանները և մասնավոր կազմակերպություններ։ Ինը օր տևած աշխատանքների հետևանքով հրդեհը մարվել է, տարածքը ծածկվել է հողով։ Ընդհանուր առմամբ տեղափոխվել է մոտ 2450 մեքենա հող, և աղբավայրում շուրջօրյա հերթապահություն է սահմանվել։
Փրկարար ծառայության Երևանի վարչության պետի պաշտոնակատար Զավեն Մելքոնյանի խոսքով՝ հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 430 փրկարար, օգտագործվել է ավելի քան հազար տոննա ջուր։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ խնդիրը պահանջում է համակարգային լուծում:
«Սա Երևանի ամենակարևոր և ամենադժվար հարցերից մեկն է։ Եթե մինչև տարվա վերջ չկայանա աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթը, ես կդիմեմ կադրային որոշումների»,- ասել է Ավինյանը։


