27 Նոյ
2024
4.3° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Առանց Արցախի լուծարման մասին հրամանագիրը չեղարկելու Արցախն ապագա չի ունենա․  Հրանտ Մելիք-Շահնազարյանի նամակը

Առանց Արցախի լուծարման մասին հրամանագիրը չեղարկելու Արցախն ապագա չի ունենա․ Հրանտ Մելիք-Շահնազարյանի նամակը

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը բաց նամալ է հղել Արցախի հանրապետության
նախագահ Սամվել Շահրամանյանին։ Նա նշել է, որ պատկերացնում է, թե որքան հակասական առաջարկներ
է ստացել սեպտեմբերի 28-ի հրամանագրի չեղարկման կապակցությամբ։

«Ես նաև տեղյակ եմ սպառնալիքների ու շանտաժի բնույթ ունեցող նախազգուշացումների այն
մեծ հոսքի մասին, որն այս օրերին տարբեր տեղերից ուղղվում է դեպի Ձեզ։ Բայց, կարծում
եմ, Դուք էլ կհամաձայնեք, որ մեր ժողովրդի թշնամիների նման վարքագիծը կանխատեսելի էր։
Նրանք ուզում են ավարտին հասցնել սև գործը և գալիք տարվա հունվարի մեկին վերջնականապես
արձանագրել Արցախի Հանրապետության մահը»,-գրել է Մելիք-Շահնազարյանը։ 

Վերջինիս խոսքով՝ այդ ամենին կարող է խոչընդոտել միայն Շահրամանյանը,
դա ռիսկային, դժվար բայց պատվաբեր որոշում կլինի։

«Դուք պետք է չեղարկեք Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին
Ձեր հրամանագիրը։ Մի՛ լսեք իրավաբաններին։ Մի՛ լսեք տարատեսակ պաշտոնյաներին։ Մի՛ լսեք
Ձեզ սպառնացողներին։ Կատարեք Ձեր պարտքը՝ պաշտպանեք Արցախի Հանրապետությունը։

Աճպարարություններն ու բառախաղերը չեն ընդունվելու։ Չեն ընդունվելու
նաև այն պնդումները, իբր Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիրը ոչինչ
չնշանակող թղթի կտոր էր։ Դա այդպես չէ։ Հավատացնում եմ՝ հենց այդ «իրավական ուժ չունեցող»
փաստաթուղթն էր այն վերջին կաթիլը, որը ստիպեց մեր հայրենակիցներին լքել Արցախը»,-ասված
է նամակում։

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշել է, որ այդ հրամանագրի չեղարկումը
չի լուծելու Արցախի և արցախցիների այսօրվա այսօրվա խնդիրները, սակայն առանց այդ քայլի
Արցախն ապագա չի ունենա։

«Դուք պարտավոր եք պահպանել հայկական երկրորդ պետության համար պայքարելու
մեր ազգի վերջին շանսը։ Չլինի Ձեր նոր հրամանագիրը, չի լինելու ոչինչ։ Դա նշանակելու
է լիարժեք կապիտուլյացիա։ Նշանակելու է, որ այս ամբողջ պատմության մեջ Ալիևն ու Փաշինյանն
էին ճիշտ։ Որ նրանք հաղթեցին Ձեր տեսակին։

Մեծարգո պարոն Նախագահ, պատկերացրեք Ձեզ հունվարի 1-ին, այն բանից
հետո, եթե հանկարծ մինչ այդ չչեղարկեք հայտնի հրամանագիրը։ Ո՞վ եք լինելու Դուք այդ
պահին։ Ո՞վ եք լինելու Դուք նախ՝ Ինքներդ Ձեր աչքին և ապա նաև ուրիշների համար»,- գրել
է նա։