
Ի՞նչ ենթատեքստ ունի «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքի ժամանակավոր արգելքը ՌԴ-ում․ Deutsche Welle
Ռուսական շուկան փակվում է ամենաճանաչելի հայկական ապրանքանիշներից մեկի համար: Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքի ժամանակավոր արգելքը պաշտոնապես վերագրվում է հայտնաբերված խախտումներին, սակայն Հայաստանը տեսնում է քաղաքական ենթատեքստ. գրում է Deutsche Welle-ն։
Հայաստանն անհապաղ արձագանքել է։ Սննդի անվտանգության տեսչությունը ստուգումներ է սկսել «Ջերմուկ Գրուպ» ընկերությունում: Ինչպես DW-ին հայտնել է ընկերության մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը, նմուշներ են ուղարկվել վերլուծության:
Ինչպես նշվում է, Հայաստանի համար «Ջերմուկ»-ն ավելին է, քան պարզապես ապրանք: Այն ազգային արտահանման խորհրդանիշներից մեկն է: Ընկերությունը մշտապես ընդգրկվում է երկրի 100 խոշորագույն հարկատուների շարքում՝ տարեկան Ռուսաստան մատակարարելով ավելի քան 15 միլիոն լիտր ջուր:
Ապրանքանիշը Ռուսաստան է արտահանվում 2001 թվականից՝ անցնելով Եվրասիական տնտեսական միության բոլոր տեխնիկական կանոնակարգերը, ինչպես նաև վաճառվում է ԱՄՆ-ում, Եվրամիությունում, Ուկրաինայում և Վրաստանում:
Մասնագետները նշում են, որ հանքային ջրի ներմուծման արգելքը հարված է հասցնում ճանաչելի հայկական ապրանքանիշի հեղինակությանը: Շատ փորձագետներ և լրատվամիջոցներ «Ռոսպոտրեբնադզոր»-ի պնդումները կապում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս Մոսկվա կատարած այցի հետ:
Ընդհանուր քաղաքական մթնոլորտը մնում է լարված։ Արգելքի ժամկետը համընկնում է երկու խոշոր միջոցառումների՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և մայիսի 4-5-ը նախատեսված Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների հետ։ Միևնույն ժամանակ, երկրում խորհրդարանական ընտրություններին մնացել է մեկուկես ամսից էլ պակաս։ Այս համատեքստում փորձագետները հանքային ջրի հետ կապված իրավիճակը համարում են քաղաքական ազդանշան։

