
Երևանում ԵՔՀ գագաթնաժողովն անմիջականորեն կապված է տարածաշրջանում ռուսական ազդեցությանը հակազդելու հետ․ փորձագետներ
Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովը, որ տեղի է ունենում Երևանում, նպատակ ունի հակազդել Հայաստանում ռուսական ազդեցությանը․ ТАСС-ի հետ զրույցում ենթադրել է Ռուս-մոլդովական բարեկամության և համագործակցության կենտրոնի ղեկավար Դմիտրի Սորոկինը։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի աշխարհաքաղաքական կողմնորոշումը մնում է անորոշ, ցույց է տալիս ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու հստակ հետաքրքրություն։ Սա ենթադրում է, որ 2026 թվականի մայիսի 4-ին Երևանում կայացած ԵՔՀ գագաթնաժողովն անմիջականորեն կապված է տարածաշրջանում ռուսական ազդեցությանը հակազդելու հետ։ Այս միջոցառումը դարձավ Հարավային Կովկասում իր ներկայությունն ամրապնդելու և Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցությունը Հայաստանում մեղմելու ԵՄ համապարփակ ռազմավարության մասը», – նշել է Սորոկինը։
Կովկասյան հարցերով փորձագետ Ստանիսլավ Պրիտչինը Lenta.ru-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի հետ չլուծված խնդիրների պատճառով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել ԵՔՀ գագաթնաժողովին։ Պրիտչինի խոսքով՝ Ադրբեջանի համար կարևոր էր մասնակցել միջոցառմանը՝ Բաքվի ազդեցությունը միջազգային ասպարեզում ընդլայնելու համար։ Սակայն Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը դեռևս անավարտ է մնում։
«Ադրբեջանը սպասում է իր պահանջներին համապատասխան ՀՀ սահմանադրության փոփոխություններին, ինչպես նաև Հայաստանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը սկսելու հարցի լուծմանը», – նշել է փորձագետը։
Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանի նախագահն անձամբ այցելեր Երևան, գագաթնաժողովը հյուրընկալող վարչապետ Նիկոլ Փաշինյանը կօգտագործեր կազմակերպչի իր կարգավիճակն իր օգտին։


