
«Իսթիսուն» կամ «Ջերմուկը»՝ Ալիևի սեղանին․ ի՞նչ մեսիջ էր Երևանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երևանում տեղի ունեցող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին միացել է տեսակապով ու տեղեկացրել, որ առաջարկել է 2028-ի հավաքն կազմակերպել Բաքվում։ Թեպետ Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը սովորում են ապրել խաղաղ, բայց նրա մեսիջներն այլ բանի մասին են խոսում։
Ալիևի սեղանին դրված էր հանքային ջուր՝ ադրբեջաներեն «Իսթիսու» գրվածքով։
«Իսթիսու» Ադրբեջանը կոչում է հայկական Ջերմուկը։ Ադրբեջանական աղբյուրներում հայկական Ջերմուկ քաղաքը 19-րդ դարից անվանվում է Իսթիսու։
Քարվաճառում «Իսթիսու» անվանումով հանքային ջրի գործարան է գործում․ թարգմանաբար նշանակում է «տաք ջուր»։ Պատահակա՞ն էր արդյոք «Իսթիսուի» հայտնվելը Ալիևի սեղանին։
«Մուսուլմանական աշխարհում սիմվոլիկայի հանդեպ ուշադրությունը և վերաբերմունքը բավականին կոնկրետ է և երբեք պատահական գործողություններ չեն կատարվում, պատահական իրեր պատահական տեղերում չեն հայտնվում և սա կարող ենք դիտարկել որպես Ալիևի կողմից հստակ մեսիջ, ի դեպ՝ «Իսթիսու» անունը հենց Ջերմուկի իմաստն ունի՝ «ջերմ ջուր»։ Այդ կերպ նրանք անուղղակիորեն փորձում են այդ տարածքների վրա որոշ իրավունքներ ունենալու իրենց կեղծ խոսույթի տակ հիմք դնել։ Այս դեպքում դա ուղիղ խոսքով չեն անում՝ եթե մի պահ վերանանք Արևմտյան Ադրբեջան կեղծ նարատիվի խոսույթից, բայց իհարկե սիմվոլիզմն այստեղ բավական մեծ դեր է խաղում»,- ABC Media-ի հետ զրույցում ասել է ադրբեջանագետ Դիանա Կարապետյանը։
Հայկական տեղանուններն ադրբեջանական անվանման ներկայացնելը նորություն չէ։ Թեև «Ջերմուկ» անվանումն ավելի հին ծագում ունի, Ռուսական կայսրությունում և հետագա որոշ վարչական/էթնոգրաֆիկ աղբյուրներում տեղանունը գրանցվել է նաև թուրքալեզու «Isti-su» տարբերակով։ Տեղանքը հայկական աղբյուրներում հիշատակվում է դեռ միջնադարում՝ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի մոտ։


