
Փաշինյանը միտումնավոր որոշակի զիջումներ է անում այլ երկրներին, այդ թվում՝ ի վնաս Հայաստանի․ Ալեքսեյ Չեպա
Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը կարող է հանգեցնել երկրում ներքին լարվածության կտրուկ աճի և հրահրել ժողովրդական անկարգություններ, որոնք կհանգեցնեն իշխանափոխության․ ինչպես գրում է ria.ru-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան։
«Ինչքան ես հասկանում եմ, մենք տեսնում ենք, թե ինչպես է Փաշինյանը փորձում նստել երկու աթոռի վրա՝ որոշակի օգուտներ ստանալու համար, ամենայն հավանականությամբ, նույնիսկ ոչ թե երկրի, այլ անձամբ իր համար։ Ինչ վերաբերում է երկրին, ապա պարոն վարչապետի տարօրինակ գործողությունները, ընդհակառակը, անհամաձայնություն և քաոս են սերմանում հայ ժողովրդի շրջանում։ Նա փորձում է ջախջախել ընդդիմությունը։ Նա պատերազմ է մղում կաթողիկոսի դեմ»,- նշել է Չեպան։
Նա հավելել է, որ այն հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է միանալ Եվրամիությանը, «պարզապես աբսուրդ է»։ Պատգամավորը որպես օրինակ բերել է Թուրքիան՝ ասելով, որ այն 40 տարի փորձում է միանալ ԵՄ-ին և չի կարողացել՝ չնայած ընդհանուր սահմաններին, մինչդեռ Հայաստանը նույնիսկ ընդհանուր սահման չունի։
«Ընդհանուր առմամբ, տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը փորձում է ամեն ինչ անել միաժամանակ՝ լինել ՆԱՏՕ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում և ԵՄ-ում։ Բայց դա պարզապես անհնար է։ Ավելին, դա հղի է լուրջ հետևանքներով ամբողջ երկրի համար։ Իմ կարծիքով՝ տեղի ունեցող ամեն բան ենթադրում է, որ Փաշինյանը փորձում է որոշակի առավելություն ստանալ՝ սիրահետելով տարբեր երկրների ղեկավարներին»,- նշել է պատգամավորը։
Ըստ նրա՝ դրա վառ օրինակ է ԱՄՆ-ի և Ադրբեջանի հետ «Զանգեզուրի միջանցքը» ստեղծելու գործարքը և այն անմիջապես «Թրամփի երթուղի» վերանվանելու առաջարկը։ Նրա կարծիքով՝ Փաշինյանը միտումնավոր որոշակի զիջումներ է անում այլ երկրներին, այդ թվում՝ ի վնաս Հայաստանի՝ վնասներ, որոնք նա չի կարող չկանխատեսել, ինչը միայն ենթադրում է, որ այստեղ գործում են անձնական շահեր՝ ֆինանսական, վարչական և այլն։
Չեպան հավելել է, որ հիմնական խնդիրն այն է, որ մի մարդ, որն «իշխանության է եկել փողոցներից, մեգաֆոնով ցուցարար, փորձում է դառնալ ամբողջ աշխարհում հայ ժողովրդի խոսափողը», և դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ։
«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններին, կարծում եմ՝ մենք պետք է շատ ուշադիր մտածենք մեր ռազմաբազայի մասին հայկական տարածքում։ Եվ նաև հայկական կողմին որոշակի մատակարարումների մասին»,- ընդգծել է քաղաքական գործիչը։


