
Բողոքարկելու ենք արդյունքները, դիմելու ենք Սահմանադրական դատարան․ Իշխան Սաղաթելյան
Տեղամասերում արձանագրված տվյալների ու ԿԸՀ փոխանցվածի մեջ անհամաձայնություն․ այս մասին հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան
Սաղաթելյանը։
«Օրինակ՝ Չարենցավանի տեղամասերից մեկում Հայաստան դաշինքը ստացել է 112 ձայն, ԿԸՀ կայքում մեր դիմաց գրված է՝ 8 ձայն։ 29/39 տեղամասում 117 քվե է ֆիքսված, ԿԸՀ կայքում գրված է 80: ԿԸՀ-ն սա տեխնիկական վրիպում է համարում, բայց կայքը պարբերաբար խափանվում է և մենք չենք կարողանում համեմատել մեր տվյալներն ու ԿԸՀ-ինը»,-ասել է Սաղաթելյանը։
Նա նաև նշել է, որ պատրաստվում են դիմել ՍԴ՝ արդյունքները վիճարկելու։
«Ընտրությունները տեղի են ունեցել ճնշումների, ոչ ազատ, ոչ արդար պայմաններում, նաև այդ ճանապարոհվ կգնանք։ Գիտենք՝ ովքեր են ՍԴ–ում, որքանով են կաշկանդված, բայց այդ ամեն ինչով հանդերձ ծանրակշիռ փաստերով մտնելու ենք Սահմանադրական դատարան»,- ասել է Սաղաթելյանը։
Անդրադառնալով մանդատները վերցնել-չվերցնելու հարցով քննարկումներին՝ Սաղաթելյանն ընդգծել է, որ ախորհրդակցելու են այլ քաղաքական ուժերի հետ, որովհետև դա պիտի լինի միասնական։
«Ցանկացած որոշում բխելու է ընդհանուր պայքարի տրամաբանությունից՝ սառը դատելով և պայքարի շարունակության տեսանկյունից ենք այդ որոշումն ընդունելու։ Բայց կարևոր է ընդդիմադիր ուժերի միասնական որոշումը»,-ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ու ընդգծել, որ այդ գործընթացում կարևոր է նաև ԲՀԿ-ի՝ շեմը հաղթահարելու հարցը։


