
Կրկին սև կատու է անցել Թրամփի ու Մելոնիի միջև․ Թրամփն ասում է՝ Մելոնին աղաչել է իր հետ լուսանկարվել, Մելոնին հերքում է պնդումը
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին մեղադրել է իր երբեմնի մտերիմ դաշնակից Դոնալդ Թրամփին իր մասին պատմություններ հորինելու համար․ գրում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ նախագահն իտալական հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել էր, թե Մելոնին «աղաչել» է իրեն՝ G7 գագաթնաժողովի ժամանակ իր հետ լուսանկարվել։ Ի պատասխան՝ Մելոնին ասել է, որ «ապշած» է Թրամփի մեկնաբանություններից, որոնք, նրա խոսքով, «ամբողջությամբ հորինված են»։
Մելոնին նաև քննադատել է Թրամփին՝ նշելով, որ նա Արևմուտքի թշնամիների նկատմամբ շատ ավելի հարգալից վերաբերմունք է ցուցաբերում, քան հին դաշնակիցների նկատմամբ։
Թրամփի հայտարարությունների ֆոնին Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ չեղարկում է հաջորդ շաբաթ նախատեսված այցը ԱՄՆ։ Նշվում է, որ այս փոխադարձ հայտարարությունները վկայում են Իրանի դեմ պատերազմի շուրջ առաջացած տարաձայնությունների ֆոնին երկու երկրների միջև հարաբերությունների կտրուկ վատթարացման մասին։
Օրեր առաջ հաղորդվել էր, որ Թրամփն ու Մելոնին G7 գագաթնաժողովի ժամանակ «հաշտվել» են Իրանի դեմ պատերազմի ֆոնին առաջացած և շաբաթներ տևած լարված հարաբերություններից հետո։
«Դուք կրկին ընկերներ եք», – կատակել էր Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ դիմելով Թրամփին և Մելոնիին։


