
Փոփի արքայի մասին կենսագրական «Michael» ֆիլմը գերազանցել է «Oppenheimer»-ին՝ դառնալով բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր կենսագրական ֆիլմը
Փոփի արքայի մասին Անտուան Ֆուկուայի «Michael» ֆիլմը դարձել է կինեմատոգրաֆի պատմության մեջ ամենաբարձր եկամուտն ապահոված կենսագրական ֆիլմը․ գրում է Deadline-ը։
Ֆիլմը, որտեղ փոփի արքայի դերում իր դերասանական դեբյուտն է ունենում նրա եղբորորդի Ջաաֆար Ջեքսոնը, կինոթատրոններում ցուցադրման 10-րդ շաբաթում գրանցել է համաշխարհային կինովարձույթի 977.4 միլիոն դոլարի հասույթ՝ գերազանցելով «Oppenheimer»-ի մոտ 975 միլիոն դոլար հասույթին։
Ֆիլմը, որն էկրաններին է հայտնվել 2026 թվականի ապրիլին, ներկայացնում է Ջեքսոնի անցած ճանապարհը՝ փոքր տարիքում եղբայրների հետ The Jackson 5 խմբում արած առաջին քայլերից մինչև փոփի արքա դառնալը։
Ֆիլմն անդրադառնում է երգչի երաժշտական կարիերայի վաղ տարիներին, ընտանեկան հարաբերություններին և սոլո կարիերայի ստեղծմանը։
«Michael»-ն այս ամիս արդեն իսկ մեկ այլ կարևոր ռեկորդ էր սահմանել՝ գերազանցելով Ֆրեդի Մերկուրիի և Queen խմբի մասին կենսագրական «Bohemian Rhapsody» ֆիլմի համաշխարհային 911 միլիոն դոլարի հասույթը։
«Bohemian Rhapsody»-ն, որն էկրաններին էր հայտնվել 2018 թվականին, երկար ժամանակ համարվում էր ամենաշատ եկամուտն ապահոված երաժշտական կենսագրական ֆիլմը։


