
ՀՀ-ն չպետք է ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է ավելի անկայունացնել կամ թուլացնել իր դիրքերը տարածաշրջանում․ Եվրախորհրդարանի անդամ
Եվրամիությունն (ԵՄ) ուժեղ ճնշում կգործադրի Հայաստանի վրա՝ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու և պատժամիջոցներին միանալու համար․ Известия-ի հետ զրույցում նշել է Եվրախորհրդարանի անդամ Ֆերնան Կարտհայզերը։
«Հուսով եմ՝ Հայաստանը կդիմանա այս ճնշմանը և առաջնահերթություն կտա իր սեփական շահերին։ Հայաստանը պետք է Արևմուտքի հետ իր համագործակցությունը դիտարկի որպես երկարաժամկետ նախագիծ և, միևնույն ժամանակ, չպետք է ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է ավելի անկայունացնել կամ թուլացնել իր դիրքերը տարածաշրջանում», – նշել է քաղաքական գործիչը, որը նախկինում աշխատել է Հայաստանի հետ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում։
Միևնույն ժամանակ՝ Եվրախորհրդարանի անդամը կարծում է, որ Երևանը պարտավոր չէ կատարել ԵՄ պահանջները։ Սակայն ներկայիս կառավարությունը մարտահրավեր է նետում Ռուսաստանի հետ Հայաստանի երկարատև հարաբերություններին, այդ թվում՝ անվտանգության ոլորտում՝ համապատասխանեցնելով իր դիրքորոշումները ԵՄ քաղաքականությանը։
«Հայաստանը պարտավորվել է «աշխատել ԵՄ հռչակագրերի, որոշումների և գործողությունների կատարման բարելավման, ինչպես նաև տարբեր հարթակներում համագործակցության և փոխադարձ աջակցության ամրապնդման ուղղությամբ»։ Եթե սա իրականում տեղի ունենար, դա Հայաստանը կվերածեր բացահայտ հակառուսական պետության, ինչը թվում է անխոհեմ՝ հաշվի առնելով երկրի աշխարհագրական և քաղաքական դիրքը, ինչպես նաև նրա ավելի լայն անվտանգության և տնտեսական շահերը», – կարծում է Կարտհայզերը։
Եվրախորհրդարանի անդամի կարծիքով՝ Բրյուսելը Հայաստանն օգտագործում է իր սեփական քաղաքական նպատակների համար, սակայն ի վիճակի չէ պաշտպանել Երևանը նման քաղաքականության հնարավոր բացասական հետևանքներից։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել էր, որ Բրյուսելը պահանջել է, որ Երևանը նվազեցնի ռուսական բիզնեսի ներկայությունը։


