30 Հուլ
2026
32° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բրյուսելը Երևանին մղում է դեպի ավտոկրատիա․ EUobserver

Բրյուսելը Երևանին մղում է դեպի ավտոկրատիա․ EUobserver

Հունիսի 7-ին հայերի քվեարկությունից օրեր առաջ Եվրոպական հանձնաժողովը հայտարարեց, որ «ամուր կանգնած է» վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին, և բարձրաձայնեց ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցության փաթեթի մասին։ Քվեարկությունից շաբաթներ անց և հիմնական ընդդիմադիր դաշինքի անդամների ձերբակալությունից հետո, Բրյուսելն ընդլայնեց իր ներդրումային պարտավորությունները՝ հասցնելով 2.5 միլիարդ եվրոյի և վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունների առաջխաղացմանը․ գրում է EUobserver-ը։

ԵՄ պաշտոնյաների շրջանում այս տրամաբանությունը կարծրացել է մինչև դոկտրին. «Նա՝ Փաշինյանը, խլում է Հայաստանը Ռուսաստանից»։ Այդ նախադասությունը դարձել է ԵՄ-ի ամբողջ քաղաքականությունը Երևանի նկատմամբ։ Դա նաև ռազմավարական սխալ է, որը Հայաստանը դարձնում է պակաս ժողովրդավարական և միևնույն ժամանակ՝ պակաս անվտանգ։

Հայ առաքելական եկեղեցու 4 բարձրաստիճան հոգևորականներ ձերբակալվել կամ հետապնդվել են, 1 արքեպիսկոպոս 344 օր նախնական կալանքի տակ է պահվել, և քրեական գործ է հարուցվել հենց Ամենայն հայոց կաթողիկոսի՝ Եկեղեցու ղեկավարի դեմ։ Եկեղեցու պաշտպանության մասին հայտարարություն անելուց մի քանի ժամ անց ձերբակալվեց գործարար։ Ընտրարշավի վերջին երկու շաբաթվա ընթացքում ընդդիմության գրասենյակներն ու լրատվամիջոցները խուզարկվեցին։ Գրանցված 6 թեկնածու ձերբակալվեց քվեարկությունից մեկ օր առաջ, իսկ մի քանիսն էլ՝ Սահմանադրական դատարանում ընտրությունները վիճարկելուց հետո։
Նախընտրական շրջանում անակնկալ կերպով բարձրացվեցին կենսաթոշակները։

Ընտրատեղամասերի փակվելուց հետո՝ գիշերը ժամը 2-ին, երբ քվեաթերթիկների հազիվ մեկ տասներորդն էր մշակված, Փաշինյանը հատարարեց հաղթանակի մասին։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական հայտարարության մեջ նշվում է պետական հատվածի աշխատակիցների վրա ճնշում գործադրելու մասին՝ իշխող կուսակցության միջոցառումներին և նախընտրական քարոզարշավին մասնակցելու համար, որը, դիտորդների համաձայն, «խաթարել է քարոզարշավի հավասար հնարավորությունները՝ հակասելով ԵԱՀԿ պարտավորություններին»։ Հանրային հեռարձակողն «իշխող կուսակցության օգտին ակնհայտ կողմնակալություն է դրսևորել՝ հակառակ իր իրավական պարտավորությունների և հանրային պարտադրանքի»։

Երբ յուրաքանչյուր սրացմանը՝ արքեպիսկոպոսի բանտարկությանը, թեկնածուների ձերբակալմանն ընտրությունների նախօրեին, Բրյուսելը պատասխանում է փաթեթով, գագաթնաժողովով կամ վիզաների հարցում առաջընթացով, բռնաճնշումների գինը զրոյական է, իսկ դասը՝ քաղված․ ԵՄ սկզբունքները բանակցելի են այնտեղ, որտեղ կա աշխարհաքաղաքական շահ․ գրում է աղբյուրը։

Հայաստանն ապրում է այն հարևանի կողքին, որն ուժով գրավել է Լեռնային Ղարաբաղը, այնտեղ էթնիկ զտումներ է իրականացրել և շարունակում է նոր պահանջներ ներկայացնել։

Արտաքին հովանավորությունից կախված և հայրենիքում ոչ ժողովրդականություն վայելող առաջնորդը չի կարող իր ժողովրդից զոհաբերություն պահանջել։

Թշնամուն տուրք տվող և ինստիտուտները, այդ թվում՝ Եկեղեցին, զինվորականությունը և դատարանները ոչնչացնող մեկ մարդուն աջակցելով՝ ԵՄ-ն ստեղծում է հենց այն փխրուն պետությունը, որը դառնում է գիշատիչների հարձակման զոհ։

Եթե Ադրբեջանը կրկին հարձակվի, Բրյուսելը կհայտնաբերի, որ իր ներդրումները ո՛չ ազդեցության լծակներ են ձեռք բերել Բաքվի նկատմամբ, ո՛չ էլ ուժ Երևանում։

ԵՄ-ն ընտրության առաջ է կանգնած. այն կարող է կանգնել Հայաստան պետությունը կառուցած ժողովրդի, կամ այն քանդող մարդու կողքին, ամրապնդել ինստիտուտները, այլ ոչ թե ուժեղացնել մարդուն, որը կորցրել է իր ժողովրդի մեծամասնության ձայնը։

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026