
Նեապոլում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Իտալիայի հարավում՝ Նեապոլում և նրա շրջակայքում, 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով առնվազն 21 մարդ տուժել է. գրում է Corriere del Mezzogiorno պարբերականը։
«Այս պահին տուժածների թիվը 21 է, որոնցից երկուսի վիճակը ծանր է»,- նշվում է հրապարակման մեջ։
Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժը հստակ զգացվել է Նեապոլի ամբողջ տարածքում և հարակից բնակավայրերում, հատկապես Կամպի Ֆլեգրեյ շրջանում, որտեղ էլ գտնվել է էպիկենտրոնը՝ Նեապոլից մոտ 6 կիլոմետր հեռավորության վրա։
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 19:46-ին։


