«Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայությունը դիմել է Եվրոպական արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ծառայության խոսնակ Պիտեր Ստանոյին հարցով, թե ինչպես է ԵՄ-ն գնահատում Ադրբեջանում լրագրողների և քաղաքական ակտիվիստների վերջին կալանավորումները։
«Մարդու իրավունքները և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը կազմում են Ադրբեջանի հետ Եվրամիության հարաբերությունների հիմքը։ Խոսքի ազատությունը և անկախ լրատվամիջոցները համամարդկային արժեքներ են, որոնք կիրառվում են ամենուր և բոլորի համար։ Ադրբեջանում մարդու իրավունքների և անկախ լրատվամիջոցների վիճակը շարունակում են մտահոգիչ լինել, որը մենք բազմիցս բարձրաձայնել ենք մեր ադրբեջանցի գործընկերներին»,-ասել է Ստանոն՝ հավելելով, որ Բրյուսելը օգտագործում է ցանկացած հնարավորություն՝ կոչ անելու Ադրբեջանին հարգել իր ներքին և միջազգային պարտավորությունները՝ կապված ԶԼՄ-ների ազատության և մարդու իրավունքների հետ, ինչը ընդգծվել է 2023 թվականի դեկտեմբերի 21-ի հայտարարության մեջ։
«Մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը մնում է Ադրբեջանի հետ Եվրամիության հարաբերությունների հիմքում: ԵՄ-ն կարծում է, որ հիմնարար իրավունքների հարգումը, ներառյալ արդար դատավարության և պատշաճ գործընթացի իրավունքները, հիմնարար են կայունության և բարգավաճման համար: ԵՄ-ն կշարունակի մասնակցել բոլոր ֆորումներին, որոնք թույլ կտան նրան բարձրացնել Ադրբեջանում մարդու իրավունքների զարգացող իրավիճակի հետ կապված հարցեր, ներառյալ ԵՄ-Ադրբեջան մարդու իրավունքների ամենամյա երկխոսությունը»,-նշել է նա։
2023 թ-ի դեկտեմբերից Ադրբեջանի իշխանությունները բռնաճնշումների նոր ալիք են սկսել անկախ ու ընդդիմադիր լրագրողների, ընդդիմադիր ու հասարակական գործիչների նկատմամբ։ 10-ից ավելի լրագրող է կալանավորվել։