Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի․ Արտակ Բեգլարյան
ՀՀ կառավարությունը հաստատեց մի որոշում, որով շարունակվելու է բռնի տեղահանված արցախցիներին տրվել բնակվարձի և կոմունալ ծախսերի համար 50,000 դրամ ամսական աջակցությունը մինչև տարեվերջ:
Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի գնահատմամբ՝ լավ է, որ այս ծրագրում վերջապես ներառվել են նաև 2020թ. տեղահանված անձինք՝ բացառությամբ 2022թ. ընդունված բնակարանային ծրագրի շահառուների:
«Ողջունելի է այս որոշումը, որին բոլոր տեղահանվածներն են սպասել՝ որպես առկա կարիքների մասնակի բավարարման միջանկյալ ու կարևոր միջոց: Այս որոշման արդյունքում որոշակիորեն նվազելու է նոր թափ առած արտագաղթի ալիքը:
Սա հերթական օրինակն է, թե ինչպես հանրության համախմբումն ու հավաքական ձայնի արդարացի բարձրացումը կարող է հաջողություն ապահովել: Այս որոշումն ակնհայտորեն Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության մեկնարկած պայքարի արագ արդյունքներից է, քանի որ նախքան մեր պայքարի մեկնարկը ՀՀ իշխանությունները քանիցս հայտարարել էին, որ ապրիլից նշանակալիորեն կրճատելու են ծրագիրը՝ աջակցություն տրամադրելով միայն երեխաներին: Այնինչ երբ զգացին հանրային հիմնավոր ու լայն ճնշումը, լրիվությամբ վերանայեցին իրենց մտադրությունները և ընդունեցին ավելի ներառական ու արդար ծրագիր, քան նույնիսկ այս վեց ամսվա ընթացքում գործող ծրագիրն է:
Թեև մեր պայքարի ու հանրային ճնշման արդյունքում որոշակի դրական միտումներ են նկատվում նաև բնակարանային սպասվող ծրագրի կանխավ հայտարարված մոտեցումների վերանայման հարցում, սակայն դեռ մի շարք սկզբունքային խնդիրներ լուծման կարիք ունեն: Դրանց և մեր հիմնարար դիրքորոշումներին կարելի է ծանոթանալ մարտի 20-ի հանրահավաքում ընդունված մեր հայտարարության տեքստում: Սակայն ամենակարևորն այն է, որ բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի: Վերջիվերջո, բուն խնդիրը քաղաքական է՝ բխելով մեր հավաքական իրավունքներից ու շահերից, սակայն ոչ զուտ մարդասիրական կարիքներից:
Իսկ ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում՝ հաճախակի կա՛մ ընդհանրապես չապահովելով ներառականություն, կա՛մ կեղծ ու ձևական ներառականություն խաղալով: Ինչու՞ պետք է սխալ ու թերի որոշումներ կայացվեն առանց մեր հանրության ու Արցախի պետական մարմինների կարծիքներն ու առաջարկները հաշվի առնելու, հետո բախվեն լայնածավալ բացասական հետևանքների ու հանրային դժգոհության՝ ստիպված մտածելով սխալները սրբագրելու մասին…
Նախաձեռնությունն էլ, վստահ եմ, շարունակելու է իր պայքարը Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանության համար՝ չնայած տարաբնույթ ու բազմաղբյուր շահարկումներին, դժվարություններին ու ճնշումներին»,- գրել է Բեգլարյանը։