ABCMEDIA
Տավուշցու կյանքը խաթարվել է 4 գյուղերը հանձնելու հայտարարությունից հետո․ Դանիելյան

Տավուշցու կյանքը խաթարվել է 4 գյուղերը հանձնելու հայտարարությունից հետո․ Դանիելյան

3-4 շաբաթ առաջ տավուշցին որոշակի պայմաններում բնականոն գործունեություն էր վարում, որը արդեն խաթարված է։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ շաբաթներ առաջ՝ մանրամասնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Եկան ու ասացին տավուշցիներին, որ պետք է տարածքները հայտնեն, իսկ իրենց դժգոհությունները, մտահոգությունները ոչ թե Բաղանիսում, Ոսկեպարում պետք է հայտնեք, այլ Հանրապետության հրապարակում։ Մարդիկ շոկի մեջ են։ Նրանք չէին պատկերացնում, որ ադրբեջանցին կգա ու կկանգնի միջպետական մայրուղու վրա ու իր կյանքը ամբողջությամբ փոխվեց։ Տավուշի մեր հայրենակիցները չգիտեն՝ ինչ անել՝ վարուցանքից բռնած մինչև առօրյա սովորական կյանք։ Ինչպե՞ս եք պատկերացնում այնտեղ հանգիստ կյանքով ապրելը, երբ Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումը դպրոցից ընդամենը 50 մետր այն կողմ պետք է կանգնի։ Մարդիկ այնտեղ չեն կարող ապահով ապրել։

Այս ժամանակահատվածում բազմաթիվ տավուշցիներ զանգահարում ու ԱԺ-ում կայացնելիք որոշումանն են սպասում»,-ասել է Դանիելյանը։

Դիմելով Փաշինյանին՝ Դանիելյանն ասել է, որ տավուշցիները նրա որոշմանն են սպասում։ Ըստ պատգամավորի՝ վարչապետը խոստացել էր Ոսկեպարի հայտնի հանդիպումից 10 օր անց նորից գնալ ու հստակ պատասխան տալ նրանց։

«Այդ մարդիկ բնական անորոշության մեջ են։ Սարսափելի է, ուղղակի։ Հայաստանի ցանկացած քաղաքացի պետք է փորձի այդ գյուղացիների տեղը իրեն դնել ու կհասկանա, որ ոչ թե 4 գյուղերի հարց է, այլ Հայաստանի Հանրապետության հարցն է, ՀՀ-ի լինելիության հարցն է։ Այս խնդիրը անմիջապես առնչվում է մեր բոլորիս կյանքին»,- ասել է Դանիելյանը։

Նա խոսել է նաև պատմական և իրական Հայաստան եզրույթով Տավուշի գյուղերի հանձնումը արդարացնելու մասին։

«7-րդ դարի եկեղեցու լինելը գոնե անժխտելի փաստ է։ ՔՊ կուսակցության անդամներ, եկեղեցին վկայում է այն մասին, որ 7-րդ դարի կոթողից ընդամենը 1 կմ հեռավորության վրա չի կարող Ադրբեջան լինել։ Այդ տարածքներում ապրել են հայեր ու մինչև հիմա էլ ապրում են, որոնք այն և՛ պատմական են համարում, և՛ կենսական են, և՛ սուրբ են»,- ելույթում ասել է պատգամավորը։

Դանիելյանի խոսքով՝ ի  նպաստ բնակիչների ու երկրի որոշում կայացնելու փոխարեն՝ գործող իշխանությունը պատերազմ սկսելու սպառնալիքով ահաբեկում է նրանց ու անընդհատ միակողմանի զիջումների գնում։