
Պուտինը շնորհավորել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի ղեկավարներին ԵԱՏՄ օրվա կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի ղեկավարներին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) օրվա կապակցությամբ։ Համապատասխան շնորհավորանքը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Եվրասիական տնտեսական միության օրվա կապակցությամբ։ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները զարգանում են շատ դինամիկ և արդյունավետ։ Ստեղծվել է ընդհանուր շուկա, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժն, ամենակարևոր ոլորտներում ներդաշնակեցվում են ազգային իրավական կարգավորման համակարգերը, և հաջողությամբ իրականացվում են համատեղ տնտեսական և ենթակառուցվածքային նախագծեր», – նշվել է ուղերձում։
ՌԴ ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկրները կշարունակեն կառուցողական բազմակողմ համագործակցությունը՝ Եվրասիական տարածքում բարեկեցության և կայունության ապահովման նպատակով։