
Ուկրաինայում ամեն ինչ հենց այսպես էլ սկսվեց․ Վոլոդինը զուգահեռներ է անցկացրել ՀՀ-ի և Ուկրաինայի միջև
ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը զուգահեռ է անցկացրել Երևանի քաղաքական կուրսի և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների միջև՝ կապված Հաղթանակի օրվա նախօրեին Հայաստանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հետ․ գրում է РИА Новости-ն։
Վոլոդինը հիշեցրել է, որ Հաղթանակի օրվա նախօրեին Երևանում տեղի է ունեցել գագաթնաժողով, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հյուրերը։ Դրան հաջորդել են ներկաների, այդ թվում՝ Վլադիմիր Զելենսկիի ելույթներն ու հայտարարությունները։
«Այսօր բոլորի համար պարզ է դարձել հարցը. ինչպե՞ս կզարգանան հարաբերությունները Փաշինյանի գործողություններից հետո։ Մեր երկրներն ավելի մո՞տ կլինեն, թե՞ ավելի հեռու։ Հարաբերություններում լարվածությունը պակա՞ս կլինի, թե՞ ավելի շատ։ Ամենայն հավանականությամբ՝ վերջինը։ Անխուսափելիորեն առաջանում է զուգահեռ. Ուկրաինայում ամեն ինչ հենց այսպես էլ սկսվեց։ Արդյո՞ք սա անհրաժեշտ է Հայաստանի սովորական քաղաքացիներին», – գրել է Վոլոդինը Max հարթակում։
Նա նշել է, որ Ռուսաստանը հայ ժողովրդի հետ ունի ամենամոտ և լավագույն հարաբերություններից մեկը։ Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայերի թիվը գործնականում հավասար է Հայաստանում ապրողների թվին։ Ռուսաստանում հայերն իրենց ներուժն իրացնում են մյուս ազգությունների հետ հավասար հիմունքներով՝ զբաղեցնելով պետական պաշտոններ, ընտրվելով խորհրդարան և օգնելով իրենց ընտանիքներին ու ընկերներին Հայաստանում։
«Ես կանխատեսում եմ այնպիսի հայտարարություններ, ինչպիսին են՝ «Մենք ինքնիշխան պետություն ենք, կարող ենք անել այն, ինչ ուզում ենք»։ Ոչ ոք չի խոսում ինքնիշխանության կամ միջամտության մասին։ Խոսքը բարոյականության և ազնվության մասին է։ Դուք կա՛մ ունեք դրանք, կա՛մ չունեք։ Դուք կարող եք զբաղեցնել բարձր պաշտոններ, բայց դա չի նշանակում, որ դուք ունեք դրանք», – հավելել է Պետդումայի խոսնակը։
Վոլոդինի խոսքով՝ Ռուսաստանի հարաբերություններն այլ երկրների հետ կառուցվում են բարեկամության, փոխշահավետ համագործակցության և ինքնիշխան պետությունների գործերին չմիջամտելու սկզբունքների վրա։ Երբ այս սկզբունքները մշակվում են համապարփակ, դրանք վերածվում են ռազմավարական գործընկերության և ավելին՝ դաշնակցային հարաբերությունների։


