ABCMEDIA
Նիկոլայ Ծատուրյան, Վլադիլեն Բալյան, Փարավոն Միրզոյան. ովքե՞ր են ժողովրդական այս արտիստները 

Նիկոլայ Ծատուրյան, Վլադիլեն Բալյան, Փարավոն Միրզոյան. ովքե՞ր են ժողովրդական այս արտիստները 

Հայաստանի Ազգային Ժողովում այսօր քննարկվում էր «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Քննարկման ընթացքում Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը պնդեց, թե ժողովրդական արտիստներ Նիկոլայ Ծատուրյանին, Վլադիլեն Բալյանին և այլոց ճանաչող չկա։

 

ABC Media-ն առանձնացրել է նշված գործիչների կենսագրության ու գործունեության որոշ դրվագներ։

 

Նիկոլայ Ծատուրյան

Հայ թատերական ռեժիսոր, թատերական գործիչ և Հայաստանի ժողովրդական արտիստ։ Տաղանդավոր ու սիրված ռեժիսորը ծնվել է թատրոնի և կինոյի ռեժիսոր Երվանդ Ծատուրյանի ընտանիքում։

Կրթությունը ստացել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում` Վարդան Աճեմյանի մոտ։ Սովորել է նաև Մոսկվայում։

Նիկոլայ Ծատուրյանը եղել է «Մենք ենք մեր սարերը», «Սարոյան եղբայրներ», «Ժայռը» ֆիլմերում որպես երկրորդ ռեժիսոր` Հենրիկ Մալյանի, Ֆրունզե Դովլաթյանի և Վարդան Աճեմյանի հետ։

20 տարի աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։

1992 թ. Սունդուկյան թատրոնից հետո Ծատուրյանը 12 տարի ղեկավարել է Երևանի «Մետրո» թատրոնը, բեմադրել է բազում ներկայացումներ։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր է, այստեղ աշխատում է 1973 թվականից։

Ծատուրյանը ներկայացումներ է բեմադրել ՌԴ-ում, Ուկրաինայում, Վրաստանում, Արցախում, Լիբանանում, ՅՈւՆԵՍԿՕ-ի պատվերով` Նյու Յորքում։ Նա 20 տարի աշխատել է Հալեպում Ադամյան թատերախմբի հետ, որտեղ բեմադրել է շուրջ 22 ներկայացում։

Նա նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի «Պատահար» կարճամետրաժ կինոֆիլմում և Երվանդ Օտյանի «Ընկեր Փանջունի» (ռեժիսոր՝ Արման Մանարյան) ֆիլմում՝ մարմնավորելով Փանջունու գլխավոր կերպարը (ուրիշ դերակատարների թվում՝ Թամար Հովհաննիսյան, Արմեն Խոստիկյան, Երվանդ Մանարյան)։

 

 

Վլադիլեն Բալյան

Հայ կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանը ծնվել է 1924 թվականի ապրիլի 25-ին, Երևանում։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական և ստեղծագործական բաժիններում։

1952-1954 թվականներին եղել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը։ 1955-1961 թվականներին ղեկավարել է Հայաստանի խորեոգրաֆիկ ուսումնարանը։ Եղել է Հայաստանի ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիրը, 1964-1966 թվականներին՝ Հայֆիլհարմոնիայի տնօրենը։ 1966 թվականին ստեղծել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը և մինչև 1972 թվականը եղել է տնօրենը։ 1972-1975 թվականներին եղել է Հայպետէստրադայի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, 1981-1986 թվականներին՝ Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։

Նրա ստեղծագործությունները կատարում են նաև այսօր։

 

Գեղունի Չթչյան

Հայ հայտնի կոմպոզիտոր, ծնվել է 1929 թ. օգոստոսի 30-ին Լենինականում։ Ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը։ 1947-1953 թթ. շարունակել է ուսումը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, նույն թվականին Սարաջևի անվան երաժշտական դպրոցում վարել է ստեղծագործական դասարան։ 1971 թվականից դասավանդել է նաև Երևանի կոնսերվատորիայում։ 1955 թվականից Կոմպոզիտորների միության անդամ է։

Չթչյանի երկերը բազմիցս հնչել են Հայաստանում և արտասահմանում, արժանացել մի շարք մրցանակների։

Հեղինակ է սիմֆոնիկ, վոկալ-սիմֆոնիկ, կամերային-գործիքային, վոկալ, խմբերգային ստեղծագործությունների, որոնք հնչել են Հայաստանի, ԽՍՀՄ կոմպոզիտորական համագումարների, պլենումների համերգներին: Հայ երաժշտական արվեստը ներկայացրել է ԱՄՆ-ում, Կանադայում, Անգլիայում, Լեհաստանում, Բուլղարիայում: Ունեցել է հեղինակային կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունների համերգներ Երևանում, Հայաստանի քաղաքներում, Մոսկվայում, Սան Ֆրանցիսկոյում, Ռիգայում: Մամուլում հանդես է եկել հոդվածներով, գրախոսականներով, հուշերով:

Համամիութենական, հանրապետական 40-ից ավելի կոմպոզիտորական մրցույթների դափնեկիր է: Արժանացել է ԽՍՀՄ Մշակույթի նախարարության, ԽՍՀՄ արհմիության կոմիտեի, Լատվիայի, Ղազախստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և այլ հանրապետությունների մշակութային կամզակերպությունների և զինվորական մասերի, Երևան քաղաքապետարանի, ՀՀ մարզպետարանների, զինվորական մասերի և այլ կազմակերպությունների 30-ից ավելի պատվոգրի:

 

Դավիթ Բաբայան

Ռեժիսոր, սցենարիստ, դերասան Դավիթ Բաբայանը ծնվել է 1966 թվականին Երևանում։ 1988 թվականին ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը։ 1987-1993 թվականներին Երևանի պետական Կամերային թատրոնում խաղացել է մոտ 10 դեր։ Ֆրանսիայի Նանտ քաղաքի փառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն ինտելեկտ» մրցանակի։1992 թվականին Արթուր Սաթյանի և Ալեքսանդր Աղայանի հետ համատեղ, ստեղծել է «Արտ-Դոդո տրիո» ջազ խումբը։ Նույն թվականին Արմեն Հյուսնունցի հետ ձայնագրել է դուետ՝ դոկումենտալ ֆիլմի համար։ 1996 թվականին խաղացել է «Մեր բակը» կինոնկարում։ 1998 թվականից «Շարմ» ընկերության գլխավոր ռեժիսորն է։ Հեղինակել է բազմաթիվ երգերի խոսքեր, պոեզիայի ժողովածուներ, «Панихида на бис» վեպը, «The fingers by their own» ջազ ալբոմը։ Բաբայանը մի շարք հայտնի և սիրված երգերի տեսահոլովակների ռեժիսոր է։ Օրինակ՝ «Բարև երկիր» «Կարմիր, կապույտ, ծիրանագույն» «Հենց այսպես էլ ապրում ենք» «Արարատ» և մի շարք այլ հայտնի տեսահոլովակների հեղինակն է։

 

 

Փարավոն Միրզոյան

Հայ նկարիչ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 2-ին։ 1975 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի ակադեմիայում, 1995 թվականից՝ Գեղանկարի և կոմպոզիցիայի ամբիոնի պրոֆեսոր (Ռուսաստանի Դաշնություն)։

1976 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1977-1979 թվականներից ԽՍՀՄ նկարիչների միության թոշակառու

1989 թվականից ղեկավարում է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ստեղծագործական արվեստանոցը, 1989-2002 թվականներին՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի և կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ

2002 թվականից մինչև 2015 թվականի հունվար եղել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն

2006 թվականից Սանկտ Պետերբուրգի գիտությունների և արվեստի Պիոտրովսկի ակադեմիայի անդամ

2014 թվականից Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնի վարիչ

Փարավոն Միրզոյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի, ՌԴ, Ուկրաինայի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Սիրիայի, Իսպանիայի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

 

 

Ֆրիդրիխ Սողոյան, Ֆրիդ

Հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր ժողովրդական նկարիչ, Ուկրաինայի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։ Հայաստանի ժողովրդական նկարիչ Ֆրիդրիխ Սողոյանը ծնվել է 1936 թվականին։

1961 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ստեղծել է դիմաքանդակներ և մոնումենտալ դեկորատիվ գործեր, որոնք առանձնանում են բնականությամբ, կերպարների ներկա ու հավերժ գոյության շեշտադրումով։

Յուրովի մեկնաբանությամբ է ստեղծել Ստեփան Շահումյանի, Սամարղանդի հիմնադրման թանգարանի ճակատամասում՝ Արևելքի մեծ իմաստասերների արձանները, Հայրենական պատերազմում զոհված մարտիկների բազմաթիվ հուշարձաններ Հայաստանում, ԼՂՀ-ում, Սամարղանդում և այլուր։

Սողոյանի աշխատանքները պահվում են Հայաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում։

Ի դեպ, Սողոյանը Ստեփանակերտում կանգնեցված Ստեփան Շահումյանի արձանի հեղինակն է, որը թշնամին օրեր առաջ պղծել է։