03 Հնս
2024
ABCMEDIA
Խերումյանների հիմնած գյուղը՝ Խեյրիմլի կամ Խեյրումլու (ֆոտոշարք)

Խերումյանների հիմնած գյուղը՝ Խեյրիմլի կամ Խեյրումլու (ֆոտոշարք)

Սուրբ Աստվածածին եկեղեցին է՝ Կիրանցի ձորում, ներկայիս Աճարկուտ գյուղի վարչական տարածքում։ Կառուցված է 1675 թվականին։ Ճակատակալ քարի ձախակողմյան նեղ լեզվակին գրված է՝ «ձեռամբս Յակոբի»։ Սա ամենայն հավանականությամբ կառուցող վարպետի անունն է։  Իսկ վանքի հենց ճակատին փորագրված է՝ Ի թիվն ՌՃԻ (այսինքնч 1675 թվականին), ես՝ Մելիք Շահնազարս, որդի Մելիք Ասլամազին, ասկեն Խէրումէ, (այսինքն՝ Խերումյանների տոհմից), ամուսին իմ Խանզատէն, շինեցինք Սուրբ Աստվածածին։

Համաձայն ավանդության` այս տարածքում տիրելիս են եղել Խերումյաններ մելիքական տոհմը, որոնք Վրաստանում գտնվող Զաքարայանների շառավիղներն էին։ Եկեղեցու հարակից տարածքում գտնվում է 500 տարվա հնության գերեզմանատուն, ինչն արդեն իսկ բացառիկ երևույթ է։ Սակայն գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում` ծածկված է մացառուտներով, ու բարդ է այստեղ,  ընդհանրապես, որևէ գերեզմանաքար գտնելը։ Հենց Խերումյաններ մելիքական տան հետ է կապվում Խեյրիմլի գյուղի ծագումնաբանությունը, քանի որ, ըստ ավանդության այդ տոհմի մի մասը գաղթել է Վրաստան, մի մասն էլ իսլամ է ընդունել։