ABCMEDIA
Ժամանակին ձեռնոց նետելով. Արցախ 2017․ մի ճանապարհի պատմություն

Ժամանակին ձեռնոց նետելով. Արցախ 2017․ մի ճանապարհի պատմություն

Տապալած գործերի ու նախագծերի մասին հազվադեպ ես կարոտով հիշում։ Հակառակը, ամեն ինչ անում ես, որ մոռանաս դու էլ, նախագծի պատվիրատուն ու գործընկերներն էլ։ Բայց կան նախագծեր, որոնց մասին երկար ես հիշում, հատկապես, երբ նախագծից մնացած հիշողությունն էլ միայն լուսանկարներն են ու հիշողությանդ մեջ տպված ամեն վայրկյանը։ Անընդհատ հանում ես գզրոցին պահ տված փոշոտ արխիվը, նայում լուսանկարներն ու նորից պահ տալիս այդ նույն գզրոցին, հույսով, որ զավականերդ մի օր այն աղբամանը չեն նետի։

2017 թվականի նոյեմբերն էր։ Ընկերս՝ Մանուկը, զանգեց, թե բա՝ գործ կա։ Մանուկի հետ գործ բռնած չկայի, էդ ժամանակ առանձնապես մտերիմ էլ չէինք։ Մի քիչ տարակուսելով, մի քիչ անհավես հանդիպեցի ու պարզվեց, որ պիտի մասնակցեմ մի նախագծի, որը, ստացվելու դեպքում, քաղաքում քայլելիս ամեն քայլափոխի պիտի գլուխ գովեի։ Կհիշեք, ժամանակին ամբողջ քաղաքում պաստառներ կային, վրան զինվորների լուսանկարներ` գիրքը ձռքին։ Խորագիրն էլ՝ «Առաջարկում են զինվորները»։ Հենց այդ նախագծի երկրորդ մասը ես պետք է լուսանկարեի, Արցախում։ Համաձայնեցի, պայմանավորվեցինք ու ընկանք ճամփա։ Ճանապարհը հաճելիներից չէր։ Դե ցանկացած ճանապարհ կարող է դժոխային ճամփորդություն դառնալ, երբ այդ ճանապարհը գնում ես ՊՆ-ի՝ «սպիսատ արած» «Գազելով»։ Անգամ ծխախոտի` վայրկյանը մեկ վառվող գլանակը չէր մեղմում հոգեկան ու ֆիզիկական տանջանքներդ, որն ամեն վայրկյան ապրում ես ՊՆ «Գազելում» նստած։

Առաջին կանգառը Ջաբրայիլն էր, իմ հարազատ Ջաբրայիլը։ 2013 թվականին, երբ զորացրվեցի այդ անապատից, երբեք չէի կարծում, որ այսքան կարոտով հետ կգամ այդ քաղաք-ուրվականը, որտեղ 60 կիլոմետր շառավղով ոչ մի մարդկային շունչ չկար։ Միայն ցորենի արտեր ու նռան այգիները։

Հետո եղանք Մատաղիսում, Թալիշում, Մարտակերտում, Եղնիկներում։ Զորամասերում անցկացրածս ժամերի մասին մի օր առանձին կպատմեմ։

Սկսեցի լուսանկարել՝ չտեսի պես։ Ոչ ես, ոչ էլ շրջապատը չէին հասկանում, ի՞նչ եմ էդքան նկարում էդ քար ու կճուռի մեջ։ Չորս կողմը միայն ավերակներն էին ու ռազմական ենթակառուցվածքներ, որոնք լուսանկարել չէր թույլատրվում։ Ո՞վ իմանար, որ կյանքում վերջին անգամ եմ լուսանկարում ու լինում այդ վայրերում։ Ոմանց, այդ թվում և իմ՝ հայրենիք, ոմանց համար էլ պարզապես անվտանգության գոտի, որը վաղ թե ուշ պիտի հանձնեին։ Հայրենիք էր Ջաբրայիլը, թե ոչ, երկար կարելի է խոսել, բայց կա մեկ անհերքելի փաստ, այդ տարածքի համար արյուն են թափել մեր զինվորները։

Ջաբրայիլից հետո շարժվեցինք Եղնիկներ ու Մատաղիս։ Համերի հանդեպ առանձնապես հիշողություն չունեմ, բայց կյանքում չեմ մոռանա Վարշամ պապու քաշած մուլտիֆրուկտ օղու համը։

Հետ իջնելիս Մատաղիսում հանդիպեցինք մի հովվի։ Կյանքումս տեսած ամենատարօրինակ հոտն էր։ Մեջը երևի միայն ես չկայի, մնացած բոլոր հայտնի ու անհայտ կենդանիները կային։  Կողքից վազող շունն էլ անհասկանալի էր, հոտն  հսկում, թե հոտի անդամ էր։

Հիմա այդ տարածքներից մնացին միայն հիշողություններ ու լուսանկարներ, որոնք սերնդեսերունդ պատմելով կդառնան հերթական պսևդոպաթետիկ երգերի ու պատմությունների համար նյութ։ Դե մենք հայրենիքը սիրում ենք պոստ ֆակտում, երգերով ու կենացներով, իսկ այդ հայրենիքը մերն էր, որը կարելի էր, հնարավոր էր ու պետք էր պահել։ Սակայն պարզվեց, որ մի ամբողջ ժողովրդի համար պարտադրված ու կեղծ արժեքներն ավելի թանկ դուրս եկան, քան սեփական երկրի փոքրիկ հողակտորը։ Այդ ամենը փաթեթավորեցին, բուրավետ նյութերով շաղեցին, վրան գրեցին ժովրդավարություն ու մտցրին․․․ աչքներս։ Հիմա մնում է նայել լուսանկարներին ու հուսալ, որ հաջորդ սերունդը մեզնից ավելի ողջախոհ ու հայրենասեր կգտնվի։

Հ․Գ․ Իսկ նախագիծը չստացվեց, քանի որ տեսախցիկը խնդիր ուներ, ինչի մասին իմացանք միայն վերջում։

Աղվան Ասոյան