ABCMEDIA
Հումանիտար աղետը կարող է հանգեցնել նոր պատերազմի Եվրոպայի սահմանին․ National journal-ի անդրադարձը Արցախում ստեղծված իրավիճակին

Հումանիտար աղետը կարող է հանգեցնել նոր պատերազմի Եվրոպայի սահմանին․ National journal-ի անդրադարձը Արցախում ստեղծված իրավիճակին

Եվրասիայում
հումանիտար աղետ է ձևավորվում, և օրենսդիրներն իրավապաշտպանների հետ միասին պահանջում
են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից պատասխան միջոցներ ձեռնարկել։ Այս մասին, անդրադառնալով
Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, National journal պարբերականում լույս տեսած
իր հոդվածում գրել է Քրիստինա Մեզան։

Հեղինակը նշում է, որ իրավապաշտպաններն ու իրավունքի ոլորտի փորձագետները հավաստիացնում
են, որ տեղի է ունենում էթնիկական զտում։ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի
նախագահ Բոբ Մենենդեսն աջակցել է այս տեսակետին՝ Սենատի նիստում հայտարարելով, որ Ալիևը
և նրա վարչակարգը «փորձում են սովամահ անել այդ մարդկանց կամ հասցնել քաղաքական հնազանդման»։
Հինգշաբթի օրվա լսումների ժամանակ Մենենդեսը հարցրել է, թե ինչու վարչակազմը չի օգտագործում
պատժամիջոցներ այն վարքագծի դեմ, որը ենթակա է պատժամիջոցների։

Դևիդ Ֆիլիպսը Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների հետազոտման ինստիտուտից
հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է օգտագործի պատժամիջոցներ ըստ «Մագնիտսկու օրենքի», որոնցով
արգելվում է ԱՄՆ մուտքը և սառեցվում ակտիվները, ինչպես նաև այլ իրավական մեխանիզմեր
Ալիևին անձնական պատասխանատվության ենթարկելու նպատակով՝ Արցախի բնակիչներին սովի մատնելու
համար, գրում է հոդվաածի հեղինակը։

Հոդվածագիրն ընդգծել է, որ միջազգային հանրությունն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս,
բայց այդ տարածքի բնակչության մեծ մասը էթնիկ հայեր են։

 «Այս իրավիճակը Խորհրդային Միությունից մնացած
ժառանգություն է, որտեղ բոլշևիկները ամրապնդել են իշխանությունը Հարավային Կովկասում
և Արցախը դարձրել ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում, չնայած բնակչության մեծամասնությունն
ադրբեջանցի չէր»,- գրել է հոդվածի հեղինակը։

Որոշ փորձագետներ նախազգուշացնում են, որ եթե հումանիտար իրավիճակը չկարգավորվի առաջիկայում,
ապա կարող է սկսվել նոր արյունահեղություն։

Ադրբեջանը կարող է բախվել զարգացող ճգնաժամի որոշ հետևանքների հետ։ ԱՄՆ Ազատության
աջակցության ակտի 907-րդ հոդվածն արգելում է ԱՄՆ ուղղակի օգնությունն Ադրբեջանի կառավարությանը:
Սակայն ԱՄՆ-ի վարչակազմերը օգտագործել են իրենց լծակները՝ հրաժարվելու ռազմական տեխնիկա
վաճառելու սահմանափակումից և ամեն տարի Ադրբեջանին օգնություն են տրամադրել:

Այս տարին տասնամյակների ընթացքում առաջինն է, երբ վարչակազմը չի երկարաձգել սահմանափակումից
հրաժարումը: Աղբյուրները նշում են, որ վարչակազմը այսպիսով փորձում է ճնշում գործադրել
Ադրբեջանի վրա՝ հաշվի առնելով շրջափակումը։

Մենենդեսը հայտարարել է, որ մարդու իրավունքների խախտումներն Ադրբեջանում և կայունության
սպառնալիքները  պետք է գերազանցեն բոլոր պոտենցիալ
շահերը, որոնք ԱՄՆ-ն կարող է ունենալ՝ Բաքվին օգնություն ցուցաբերելով։

«Ես չեմ հասկանում, թե ինչպես մենք կարող ենք դրական արդյունք ունենալ, երբ Ադրբեջանը
զորք է հավաքում։ Ես չեմ տեսնում, թե մենք ինչպես կարող ենք դրական արդյունք ստանալ,
երբ Ադրբեջանը սառնասրտորեն սպանում է անզեն հայ զինվորներին և սեռական բռնության է
ենթարկում ու հաշմում հայ կին զինվորին,- ասել է Մենենդեսը։- Ես չեմ տեսնում, թե ինչպես
կարող է օրենքի 907 բաժինը հանգեցնել ավելի խաղաղ կարգավորման, երբ նրանք գտնվում են
Արցախի 120 000 հայերի էթնիկ զտման շեմին»։