ABCMEDIA
Կրթական նոր չափորոշիչներով նվազեցվում է նոր սերնդի ազգային ինքնագիտակցության ու հոգեկերտվածքի կարևորությունը, ինչը խոցելի է դարձնում մեր զավակներին․ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Կրթական նոր չափորոշիչներով նվազեցվում է նոր սերնդի ազգային ինքնագիտակցության ու հոգեկերտվածքի կարևորությունը, ինչը խոցելի է դարձնում մեր զավակներին․ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Օգոստոսի 31-ին`
2023-2024 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի
ունեցավ կրթության մշակների օրհնության կարգը:

Oրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու
գնահատանքը փոխանցեց կրթության ոլորտի երախտավորներին:

 Վերջում ի պատիվ հրավիրյալների՝
տեղի ունեցավ ընդունելություն:

Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԻՑ ՀԱՏՎԱԾ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՆԵՐԻ
ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

 «Սիրելի մանկավարժներ,

 Կրթադաստիարակչական
առաքելության պատասխանատուներ,

 Ողջունում ենք ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայրապետական
Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները բերում ամենքիդ ուսումնական նոր տարվա մեկնարկի
առիթով։

Հիրավի, դժվարին ժամանակներ ենք ապրում. դարերի բովում հղկված և մեր ազգի կյանքում
արմատացած արժեքները մեր օրերում աղավաղվում են, և փոխարենը անցողիկ և վնասակար գաղափարախոսություններ,
երևույթներ ու դրսևորումներ են ներմուծվում հասարակական կյանքից ներս՝ ստեղծելով նաև
հոգեբարոյական ճգնաժամ։ Նոր տեխնոլոգիաների սրընթաց զարգացմամբ, ինչպես և մարտահրավերներով
ու փորձություններով հատկանշվող ժամանակակից աշխարհում կենսականորեն կարևոր է ազգային
ինքնության ձևավորմանը և պահպանմանը միտված մրցունակ կրթության ապահովումը՝ հատկապես
կրթական ծրագրում ընդգրկված առարկաների շարքում հայրենագիտական առարկաների պատշաճ դասավանդումն
ու մշտամնա արժեքների փոխանցումը մեր զավակներին։ Անընդունելի և դատապարտելի է, որ
կրթական նոր համակարգում կառավարության և կրթական ոլորտի պատասխանատուների որոշմամբ
այլևս չի լինելու ժամանակի քննությունը հաղթահարած, աշակերտների և նրանց ծնողների կողմից
սիրված, ազգային նկարագիրը, ոգին ամրացնող ու արժեհամակարգ սերմանող «Հայոց Եկեղեցու
պատմություն» առարկան։ Այն նորանկախ մեր պետության կրթական ասպարեզի կարևոր ձեռքբերումներից
էր, որի ավանդման գործում ևս Եկեղեցի-պետություն գործակցությունն արդյունավորվել է
հայրենաշահ և հոգեշահ տարբեր ձեռնարկներով։

Կրթության սիրելի մշակներ, այսօր ձեզ է վստահված մեր սերունդների կրթությունն ու դաստիարակությունը,
նրանց մնայուն արժեքներ փոխանցելը և հայկական դիմագիծ ու դրոշմ ունեցող ազգի զավակներ
կերտելը։ Երբեք չվհատվեք և չընկճվեք փորձություններով ու մարտահրավերներով լի այս դժվարին
ժամանակաշրջանում։ Ձեր գործը քաղցր է, ձեր ճանապարհը՝ թեև դժվարին, բայց պատվաբեր,
նշանակալի ու երախտարժան։ Ձեր աչքի առաջ ունենալով Սահակ-Մեսրոպյան փաղանգին, երանաշնորհ
վարդապետներին ու կրթության բազում նվիրյալների՝ առավել սիրով և նախանձախնդրությամբ
շարունակեք աստվածահաճո ձեր առաքելությունը՝ ի շահ մեր սիրելի զավակների և ի բարօրություն
մեր ազգի ու պետության»։