Էլեկտրական ավտոմեքենաները
ազատված կլինեն Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար
տուրքերից։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում Երևանում կայանատեղիների
վճարների թանկացման հարցով հանրային լսումների ժամանակ հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ
Սուրեն Գրիգորյանը։
«Էլեկտրական ավտոմեքենաներն ազատված են այս տուրքից և ազատված են մնալու։ Դա արվում
է այն տրամաբանությամբ, որպեսզի խրախուսենք էլեկտրական տրանսպորտով մարդկանց երթևեկելը,
ինչը հսկայական բնապահպանական կոմպոնենտ ունի իր մեջ»,–ասել է Գրիգորյանը։
Նրա խոսքով` նախկինում
եղել է ընթացակարգ, որ այդ արտոնությունից օգտվելու համար պետք էր դիմում գրել Երևանի
քաղաքապետարան, բայց այժմ այդ խնդիրը լուծվել է։
«Տեսախցիկներով հսկող
կազմակերպությունը տվյալներ է ստանում ոստիկանության բազայից և այդ տվյալներն ունենալով՝
դիմումներ գրելու անհրաժեշտություն չի լինում։ Համակարգը գործում է ինքնաշխատ տրամաբանությամբ»,–
ընդգծել է փոխքաղաքապետը։