ABCMEDIA
Ռազմաքաղաքական 8 ղեկավարները և՛ պատանդ են, և՛ քաղբանտարկյալ, և՛ ռազմագերի․ Արտակ Բեգլարյան

Ռազմաքաղաքական 8 ղեկավարները և՛ պատանդ են, և՛ քաղբանտարկյալ, և՛ ռազմագերի․ Արտակ Բեգլարյան

Դիվանագիտական դաշտում վաղուց արտացոլված չէ գերիների վերադարձի
հարցը։ ABC Media-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար
Արտակ Բեգլարյանը։

«Ռազմաքաղաքական 8 ղեկավարները և՛ պատանդ են, և՛ քաղաքական բանտարկյալներ,
և՛ ռազմագերիներ, սակայն առաջնահերթորեն պատանդ են, որովհետև Ադրբեջանը ցանկանում է
նրանց միջոցով ազդել և՛ Արցախի, և՛ Հայաստանի իշխանությունների, և՛ հայ ժողովրդի վրա՝
հոգեբանական կերպով, առևտուր անելով, քաղաքական ճնշում գործադրելով։ Այստեղ զգայնությունը
բարձր է, և կարծում եմ՝ շատ բան պետք է անել ոչ հրապարակային, անաղմուկ։ Իմ պատկերացմամբ՝
միջազգային բոլոր գործիքները, սակայն, չեն կիրառվել և պետք է կիրառել։ Դա ոչ միայն 
ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանին դիմելն է՝ միջանկյալ միջոց կիրառելու, որը
արել է Հայաստանը, ոչ միայն ՄԻԵԴ դիմելն է, այլ նաև կան Խոշտանգումների կանխարգելման
մեխանիզմներ ՄԱԿ-ի և ԵՄ-ի մակարդակներում, որոնք, իմ կարծիքով, չեն կիրառվել։ Միգուցե
քայլեր արվում են, չեմ կարող ասել, բայց արդյունքը չի երևում»,- ասել է նախկին պաշտոնյան։ 

Փաստահավաք առաքելություններ են այցելում տարածաշրջան, այդ թվում՝
Բաքու։ Հայաստանը պետք է պնդի, որ նրանք այցելեն հայ գերիներին՝ հաշվի առնելով, որ
իրենց կյանքը Բաքվում միշտ վտանգված է։ Կա նաև խոշտանգումների մեծ ռիսկ։ 

«Խնդիրն այն է, որ իրավական գործիքակազմերով մենք արդյունքի չենք
հասնելու, սա քաղաքական լուծում է պահանջում, և քաղաքական հստակ ճնշում պետք է լինի։
1-ին փուլը պետք է լինի նրանց իրավունքների, առողջության պահպանման պաշտպանությունը,
երկրորդը՝ պետք է ճնշում գործադրել, բարձրացնել Ադրբեջանի իշխանությունների գործողությունների
գինը՝ անհատական կամ պետական պատժամիջոցներով, քրեական հետապնդումներով և մի շարք այլ
գործիքակազմերով, որոնք  Հայաստանը իրավաքաղաքական մակարդակում կարող է կիրառել»,-
նշել է Արտակ Բեգլարյանը։ 

Անդրադառնալով Արցախի Հանրապետությունը լուծարելու փաստաթուղթին՝
նախկին պետնախարարը նշել է․ «Այդ փաստաթուղթը ոչ միայն լեգիտիմ չէ, այլև լեգալ չէ։
ԱՀ նախագահը ասել է, որ այն ստորագրվել է ուժի սպառնալիքով»։

Որևէ մեկը, այդ թվում՝ ԱՀ նախագահը, չի կարող լուծարել մի հանրապետություն,
որը ստեղծել է ժողովուրդը։